- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՌԱՆՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԻՐԵԼՈՒ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏ ԴԱՌՆԱԼ». ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Դեկտեմբեր 10, 2019 | 15:34
Հասարակություն
«ԱՌԱՆՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԻՐԵԼՈՒ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏ ԴԱՌՆԱԼ». ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն այսօր հյուրընկալել է Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանին, որը հանդես է եկել Կենտրոնական Ասիայի պետությունների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ դասախոսությամբ:
Ներկայումս Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ է: Ինչպես հանդիպման սկզբում տեղեկացրեց ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, դեսպանի հետ հանդիպումը կազմակերպվել է արդեն ավանդական դարձած «Արևելագետները՝ Արևելագիտականում» հանդիպում-դասախոսությունների շրջանակում:
«Ֆակուլտետում այսօր յուրահատուկ օրերից մեկն է, քանի որ պատիվ ունենք հյուրընկալելու ՀՀ դիվանագիտությունը կերտած հայտնի դեսպաններից մեկին՝ Արամ Գրիգորյանին»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը և ներկայացրեց դեսպանի գործունեության հատկանշական դրվագները՝ փաստելով, որ նա եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նաև Թուրքմենստանում և Տաջիկստանի Հանրապետությունում:
Ռուբեն Մելքոնյանը փաստեց, որ Արևելագիտության ֆակուլտետը Հայաստանում միակ ուսումնագիտական կենտրոնն է, որտեղ որպես առանձին ուղղվածություն ուսումնասիրվում է թյուրքագիտությունը. «Միայն այս ֆակուլտետում է, որ ուսումնասիրվում է ոչ միայն թուրքերենը, այլև ադրբեջաներենը, ղազախերենը, թուրքմեներենը, և այստեղ է, որ կա համապատասխան կենտրոն»:
Հանդիպում-դասախոսությանը, որին ներկա էին ֆակուլտետի ամբիոնի վարիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ, Արամ Գրիգորյանը ներկայացրեց Կենտրոնական Ասիայի պետությունների հետ Հայաստանի հարաբերությունների առանձնահատկությունները՝ ցույց տալով, թե ինչպես ու ինչ պայմաններում են հաստատվել դիվանագիտական կապերը և զարգացման ինչ ընթացք են ունեցել:
Արամ Գրիգորյանը փաստեց, որ դիվանագիտական գործունեություն իրականացնելիս գլխավոր հատկանիշը, որ պետք է ունենա դիվանագետը, հայրենասիրությունն է. «Առանց հայրենիքը սիրելու ոչ ոք չի կարող դիվանագետ դառնալ: Բոլոր գործողությունների, խոսքերի, շփումների ժամանակ պետք է մտածել նախևառաջ հայրենիքի շահի համար»:
Նա հիշեց, որ 1990-ականների սկզբին նորանկախ Հայաստանում դեռ դիվանագիտական դպրոց չկար, և այդ ժամանակ ղեկավարությունը կոչ արեց տարբեր երկրներում ապրող հայ դիվանագետներին վերադառնալ Հայաստան և նպաստել երկրի արտաքին հարաբերությունների կայացմանը. «Այդ ժամանակ շատերը եկան, բայց ուշագրավն այն է, որ միայն Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտներն էին, որոնք համահավասար էին դիվանագետներին»:
Արամ Գրիգորյանը հանդիպում-դասախոսության ընթացքում պատասխանեց նաև մասնակիցների հարցերին: Միջոցառման ավարտին Ռուբեն Մելքոնյանը դեսպանին նվիրեց «Թուրքիայի Հանրապետության պատմություն» դասագիրքը:
Քնար Միսակյան