- Գլխավոր
- Նորություններ
- ԵՐԳԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԻՄԱԳԾԵՐԻՑ ՄԵԿՆ Է. «ԻՄ ՉՔՆԱՂ ԵՐԱԶ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ-ՈՒՄ
Նոյեմբեր 11, 2019 | 17:35
ԵՐԳԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԻՄԱԳԾԵՐԻՑ ՄԵԿՆ Է. «ԻՄ ՉՔՆԱՂ ԵՐԱԶ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրանագիտության ամբիոնում այսօր տեղի է ունեցել Արմենուշ Առաքելյանի «Իմ չքնաղ երազ» գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա էին ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, գրող, արձակագիր, բանաստեղծ, կինոքննադատ, խմբագիր և անկախ հրատարակիչ Մոսթաֆա Զամանի-Նիան, մտավորականներ, հյուրեր:
Արմենուշ Առաքելյանն անդամակցել է Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդին, ծավալել է բազմամյա մշակութային, գրական և հրատարակչական գործունեություն թեհրանահայ համայնքում, պարսկերեն է թարգմանել «Արտույտների ագարակը» վեպը:
Շնորհանդեսի ժամանակ Արմենուշ Առաքելյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանին՝ շեշտելով, որ Իրանագիտության ամբիոնը լավագույն միջավայրն է «Իմ չքնաղ երազ» գիրքը ներկայացնելու համար:
«Գիրքը լույս է տեսել Թեհրանում՝ պարսիկ ընթերցողին հայկական ժամանակակից բանաստեղծության, երգի ու երաժշտության հետ ծանոթացնելու նպատակով»,- ասաց գրքի հեղինակը:
Ըստ հեղինակի՝ հետաքրքրական է այն տեսակետը, որ թարգմանելիս մենք մեր պատմությունն ու մշակույթը հասանելի ենք դարձնում օտարազգի ընթերցողին՝ պարսիկ ընթերցողին, մինչդեռ իրականում այն երկկողմանի շահավետ գործընթաց է:
«Թարգմանելու գործընթացը լեզուն անսահմանափակ է դարձնում, այն վայելքի տեսակ է, երբ հավանածդ գործն ուզում ես կիսել օտարի հետ,- ելույթում ասաց Արմենուշ Առաքելյանը,- թարգմանության հիմքում օտարի հանդեպ հարգանքն է, սերը՝ հեղինակի և իր ստեղծածի հանդեպ, սերը՝ ընթերցողի և լսողի նկատմամբ, ի վերջո, թարգմանությունը նաև հարաբերություն է ժողովուրդների ու ազգերի միջև, որը նպաստում է նրանց մերձեցմանը»:
Գրքի ստեղծման նախապատմությունը ներկայացնելիս Արմենուշ Առաքելյանն ասաց, որ ինքը հղացավ գրքի գաղափարը՝ իրեն դուր եկած երգերն ու բանաստեղծությունները թարգմանելով պարսկերեն:
«Վերջին 20-25 տարիների ընթացքում Թեհրանի հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնում կատարված թարգմանությունների մեծ մասը շոշափում է հայոց պատմության և Հայոց մեծ եղեռնի թեմաները,- փաստեց Արմենուշ Առաքելյանը,- և պարսիկները հաճախ ցանկություն էին հայտնում, Հայոց ցեղասպանությունից զատ, ծանոթանալ նաև ժամանակակից հայ գրականության թեմաներին»:
Այսպիսի կարծիք հայտնողներից մեկն է եղել նաև հայ ժողովրդի բարեկամ, արձակագիր, բանաստեղծ, խմբագիր Մոսթաֆա Զամանի-Նիան, որը շուրջ երեսուն տարի համագործակցել է հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի հետ՝ բծախնդրությամբ կատարելով լույս տեսած տասնյակ գրքերի և հոդվածների խմբագրման, սրբագրման և հրատարակման աշխատանքները:
«Գրքում տեղ գտած ստեղծագործություններն աչքի են ընկնում ոճի և մոտեցումների զանազանությամբ, սակայն բոլորն էլ շոշափում են սիրո թեման՝ ցույց տալով հեղինակներից յուրաքանչյուրի փիլիսոփայությունն այդ հարցի վերաբերյալ,- ասաց հեղինակը,- հաճելի է, որ կարդալով կամ լսելով հեղինակին՝ հանդիպում ես քեզ նմանին, հասկանում ու զգում նրան և համոզվում, որ անկախ ապրելու
վայրից՝ բոլորիս հույզերն ու ապրումները նույնանման են»:
Մեզ հետ զրույցում Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշեց, որ փաստացիորեն ամբիոնն իրականացնում է գիտակրթական ու մշակութային գործունեություն՝ ամրապնդելով Հայաստանի և Իրանի բազմադարյան կապերը, ստեղծելով մշակութային միջավայր, որտեղ ոչ միայն հայ ուսանողները, այլև իրանցի և իրանահայ մշակութային գործիչները կկարողանան հանդիպել ու շփվել միմյանց հետ:
«Իմ չքնաղ երազ» գիրքը բաղկացած է 17 ժամանակակից սիրային երգերից, որոնք պատկանում են 9 հեղինակների:
Իրանագիտության ամբիոնի ուսանողներն ասմունքեցին գրքում տեղ գտած բանաստեղծություններից մի քանիսը:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև երգերի հեղինակ, երգչուհի Լիլիթ Բլեյանը՝ ներկայացնելով գրքում տեղ գտած իր երկու երգերը: