- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՎԿԱՅԱԳՐԵՐ ՍՏԱՑԱՆ
Հունիս 05, 2018 | 14:48
Կրթություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՎԿԱՅԱԳՐԵՐ ՍՏԱՑԱՆ
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ Իրավաբանական կլինիկայի դասընթացներն ավարտած ուսանողների վկայագրերի հանձնման արարողությունը: Շուրջ ինն ամիս ուսանողները կլինիկայում իրավաբանական ծառայություններ էին մատուցել սոցիալապես անապահով քաղաքացիներին:
Վկայագրերի հանձման արարողությանը ներկա էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, Իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանը, դասախոսներ և ուսանողներ:
Ողջույնի իր խոսքում Քնարիկ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին իրենց բարեխիղճ ու նվիրված աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ ձեռք բերված գիտելիքներն իրենք կօգտագործեն ի շահ մեր երկրի ու նրա քաղաքացու պաշտպանությանը, իսկ մարդկային այն բարձր հատկանիշները, որոնցով օժտված են ուսանողները, միշտ անփոփոխ կմնան անգամ մասնագիտական բարդ իրավիճակներում:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն իր խոսքում առանձնահատուկ շեշտեց, որ հատկապես հիմա մեր հայրենիքը լավ իրավագետների կարիք շատ ունի: «Սա շատ լավ առիթ է հասարակությանը ցույց տալու, որ նախկին իրավական համակարգը երբեմն թույլ չէր տալիս լավ մասնագետներին ծառայելու ի շահ արդարությանը, արդյունքում մասնագետները կա՛մ կոտրվում էին, կա՛մ ընտրում էին այլընտրանքային կազմակերպություններ, կա՛մ էլ շարունակում էին կրթությունն արդեն օտար երկրում, իսկ պետությունը զրկվում էր լավ մասնագետներից: Հիմա շատ լավ հնարավորություն է ստեղծվել մասնագետների համար իրենց մասնագիտական հմտություններով ու մարդկային որակներով օգտակար լինելու մարդկանց և պետությանը»,- ասաց դեկանը:
Ուսանողներին շնորհավորեց նաև կլինիկայի դասախոս-համակարգող, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանը: «Իրավապաշտպանները պարտավոր են ենթարկվել օրենքին, բայց իրավունք ունեն չընդունել օրենքը: Օրենքները կաղապարներ չեն, կարելի է վիճարկել ցանկացած օրենք, եթե գտնում եք, որ այն չի համապատասխանում արդարության այն ներքին զգացմանը, որը Դուք ունեք,- իր խոսքում ասաց Հայկ Ալումյանը,- երբ մարդիկ դիմում են ձեզ, ուրեմն ձեզ վստահում են այնպես, ինչպես հիվանդն է վստահում իրեն բուժող բժշկին: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի կարողանաք այդ վստահությունն արդարացնել»:
Կլինիկայի դասախոս, արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը իր խոսքում առանձնահատուկ շեշտեց, որ ուսանողները պետք է պատասխանատու լինեն իրենց ձեռնարկած իրավական բոլոր գործերի ու քայլերի համար: Պատասխանատվության բարձր զգացումը ևս շատ կարևոր է ապագայում լավ մասնագետ լինելու համար:
ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանն էլ ներկայացրեց երախտապարտ քաղաքացու կողմից ռեկտորին ուղարկված նամակը: Ըստ նամակի բովանդակության՝ քաղաքացին խնդրում էր պարգևատրել կլինիկայի անձնակազմին և ուսանողներին իրենց հոգատարության և ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար: Միջոցառման վերջում ելույթ ունեցան նաև ուսանողները, որոնք առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին դասախոսներին իրավական ոլորտի իրենց փորձն այդքան զգուշությամբ և խնամքով փոխանցելու համար:
Ուսանողներից Վահե Գրիգորյանն իր ելույթում շեշտեց, որ գիտելիք ստանալուց զատ՝ իրենք նաև սովորել են լավ մարդ լինելու արվեստը, որովհետև հայտնի իրողություն է, որ գիտելիքը լավ մարդու ձեռքում դառնում է ատոմային էլեկտրակայան, իսկ վատ մարդու ձեռքում՝ ատոմային ռումբ:
Անի Պողոսյան