- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՎԻԵՏՆԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Նոյեմբեր 20, 2019 | 15:43
Հասարակություն
ԵՊՀ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՎԻԵՏՆԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն այսօր հյուրընկալել է Հայ-վիետնամական բարեկամության ասոցիացիայի պատվիրակությանը:
ԵՊՀ-ում այսօր հյուրընկալված պատվիրակության կազմում էին Հայ-վիետնամական բարեկամության ասոցիացիայի փոխնախագահ և գլխավոր քարտուղար, ԵՊՀ շրջանավարտ Մայ Քուանգ Վինը (Mai Quang Vinh), Վիետնամում ամերիկյան համալսարանի ներկայացուցչական վարչության պետ Դոնգ Ման Կունգը (Duong Manh Coung) և ասոցիացիայի մշտական քարտուղար Տրան Դուք Հյուն (Tran Duc Hieu):
Հանդիպմանը ներկա էին նաև Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և վարչության միջազգային կապերի բաժնի վարիչի տեղակալ Նաիրա Մնացականյանը:
Արթուր Իսրայելյանը հյուրերին ներկայացրեց ԵՊՀ կառուցվածքը և գործունեությունը՝ փաստելով, որ այստեղ գործում են 19 ֆակուլտետ և 2 ինստիտուտ. «Մեր ուսանողների ավելի քան 150-ն օտարերկրացիներ են: Ցավոք, նրանց մեջ դեռևս չկան վիետնամցիներ, բայց ես հույս ունեմ, որ առաջիկայում մենք կընդունենք նաև նրանց»:
ԵՊՀ պրոռեկտորը տեղեկացրեց, որ համալսարանում այլ օտար լեզուների հետ մեկտեղ դասավանդվում են նաև չինարեն և կորեերեն. «Այս համատեքստում կարելի է քննարկել ԵՊՀ-ում վիետնամերեն դասավանդելու հնարավորությունները և հեռանկարները»:
Ալեքսանդր Մարգարովը պատմեց համալսարանում օտարերկրյա ուսանողների համար կազմակերպվող դասընթացների մասին՝ փաստելով, որ այսօրվա դրությամբ ռուսերենով իրականացվում են գրեթե բոլոր կրթական ծրագրերը, իսկ անգլերենով՝ 22 ծրագրեր, որոնցից 6-ը՝ բակալավրիատում, իսկ 18-ը՝ մագիստրատուրայում:
Հանդիպման ընթացքում հյուրընկալված պատվիրակության ներկայացուցիչներն առաջարկեցին համագործակցություն հաստատել ԵՊՀ-ի և Վիետնամում ամերիկյան համալսարանի միջև, որը հնարավորություն կտա ԵՊՀ ուսանողներին իրենց կրթությունը շարունակելու Վիետնամում:
Ըստ առաջարկվող նախագծի՝ Վիետնամում ամերիկյան համալսարանի կողմից տրամադրվելու է 30 հազար դոլարին համարժեք կրթաթոշակ, որին կարող են դիմել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները: Կրթաթոշակը տրամադրվելու է «Բիզնես կառավարում», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հաղորդակցություն» կրթական ծրագրերի համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հնարավոր համագործակցության այլ ուղիներ, որոնք կնպաստեն ինչպես երկու կառույցների, այնպես էլ երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմանը:
Քննարկման ավարտին Արթուր Իսրայելյանը հյուրերին գրքեր և ԵՊՀ 100-ամյակի առթիվ թողարկված հուշանվերներ նվիրեց:
Քնար Միսակյան