- Գլխավոր
- Նորություններ
- ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԻՄԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Հունվար 14, 2022 | 16:31
Հասարակություն
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԻՄԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Ուսումնական և գիտահետազոտական համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման, ինչպես նաև կրթության և գիտության զարգացմանը նպաստելու նպատակով ԵՊՀ-ի և Կենցաղային քիմիայի գործարանի միջև այսօր կնքվել է համագործակցության համաձայնագիր:
Համագործակցության նոր համաձայնագրով երկու կառույցներն այսուհետ միավորելու են իրենց ջանքերը՝ կենցաղային քիմիայի, քիմիայի և այլ ոլորտներում իրականացնելու բակալավրական և մագիստրոսական համատեղ ծրագրեր, ներդնելու ուսումնալաբորատոր և ուսումնամեթոդական բազաներ, լաբորատորիաներ, մարդկային ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ, ունակություններ և հմտություններ:
Այսօր տեղի ունեցած հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը, դեկանի տեղակալ Արմեն Գալստյանը, գործարանի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը և գիտական մասի ղեկավար Բաբկեն Բայացյանը:
Հ. Հովհաննիսյանը նշեց, որ այս համագործակցությունը, ի թիվս բազմաթիվ հնարավորությունների, նպաստելու է նաև ուսանողների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը:
ԵՊՀ ռեկտորն ընդգծեց, որ նոր փոխգործակցությունը բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդման վառ դրսևորում է, ինչն առավել արդյունավետ է դարձնելու ուսանողների՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու կարողունակությունների զարգացումը, ինչպես նաև խթանի ուսանողների և ոլորտի մասնագետների միջև պարբերական մասնագիտական շփումների ու երկխոսության ձևավորումը:
Հ. Հովհաննիսյանը փաստեց, որ քիմիան կարևոր ուղղություն է ոչ միայն բուհի, այլև երկրի առաջընթացի համար՝ վստահեցնելով, որ նոր ձեռք բերված համագործակցությունը նպաստելու է էլ ավելի որակյալ կադրերի պատրաստմանը, քանի որ համատեղ գործունեության արդյունքում հնարավոր է լինում բարձրացնել կրթության որակը:
Ի դեպ, այսօր կնքված համաձայնագրով «Կենցաղքիմն» իր միջոցների հաշվին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի երկրորդ և երրորդ կուրսերի բարձր առաջադիմություն ունեցող 2-3 ուսանողի սահմանված կարգով տրամադրելու է անվանական կրթաթոշակ, ինչպես նաև հնարավորություն է տալու նրանց շաբաթական մեկ օր աշխատելու գործարանի գիտական լաբորատորիայում: