- Գլխավոր
- Նորություններ
- ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մայիս 24, 2018 | 17:44
Կրթություն
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը շարունակում է «Տեղահանված հայ երիտասարդ մասնագետների աշխատանքի աջակցում» ծրագրի շրջանակում իրականացնել սեմինար-դասընթացների շարք:
Այսօր Հովհ. Ադամյան սրահում տեղի ունեցավ «CV կազմելու և մոտիվացիոն նամակ գրելու հմտություններ» խորագրով սեմինար-դասընթացը, որը վարում էր կենտրոնի աշխատակից Արմինե Հաջաթյանը:
Դասընթացը վերաբերում էր ճիշտ և մրցունակ CV կազմելու գաղտնիքներին: Դասընթացավարը մասնակիցներին հանգամանորեն ներկայացրեց CV-ի կառուցվածքը, խոսեց նաև CV-ում հաճախ հանդիպող անթույլատրելի սխալների և այն հիմնական կետերի մասին, որոնց ուշադրություն է դարձնում գործատուն CV-ին դիտարկելիս:
Մասնակիցները քննարկումներից և կարծիքների փոխանակումից զատ՝ դասընթացի ավարտին կատարեցին նաև գործնական աշխատանք, որի շրջանակում ուսանողները քննարկում ու մատնանշում էին արդեն իսկ ներկայացված CV-ների բացթողումներն ու սխալները:
Հավելենք, որ մայիսի 22-ին անցկացվել է «Հարցազրույցին ճիշտ ներկայանալու և ինքնադրսևորվելու հմտություններ» խորագրով սեմինար-դասընթաց, որի բանախոսը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանն էր:
Դասընթացի շրջանակում Լ. Հակոբյանն անդրադարձավ թեկնածուների կողմից հարցազրույցին ճիշտ նախապատրաստվելու փուլին՝ կարևորելով թեկնածուների իրազեկվածությունը կազմակերպության և դրա գործունեության վերաբերյալ:
Սեմինարավարը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց հարցազրույցների ընթացքում հաճախ տրվող հիմնական բարդ հարցերը, քանի որ դրանք կարող են ծանրակշիռ դեր ունենալ հարցազրույցի ընթացքում:
Դասընթացի մասնակիցներին ներկայացվեց նաև հարցազրույցին ներկայանալու համապատասխան հագուստին: