- Գլխավոր
- Նորություններ
- «ԲԱՐԲԱՌԸ ՄՈՐ ԿԱԹԻ ՊԵՍ ՔԱՂՑՐ Է. ԾՆՎԱԾ ՕՐԻՑ ՀԵՏԴ Է». ԲԱՐԲԱՌԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Հոկտեմբեր 29, 2018 | 16:57
Կրթություն
Հասարակություն
Ուսանողական
«ԲԱՐԲԱՌԸ ՄՈՐ ԿԱԹԻ ՊԵՍ ՔԱՂՑՐ Է. ԾՆՎԱԾ ՕՐԻՑ ՀԵՏԴ Է». ԲԱՐԲԱՌԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Հոկտեմբերի 28-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ այցելեցին Գյումրի՝ բարբառագիտական ուսումնասիրություններ կատարելու:
Ուսումնառության ընթացքում «Բարբառագիտություն» առարկայից ստացած տեսական գիտելիքներն ուսանողները չեն կիրառում գործնականում, իսկ մեկ դասաժամը բավարար չէ մի քանի բարբառներ միաժամանակ ուսումնասիրելու համար:
Հաշվի առնելով ուսանողների հետաքրքրվածությունը բարբառագիտության հիմնահարցերով՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ, երրորդ կուրսի ուսանող Սամվել Եղիազարյանը նախաձեռնեց «Բարբառագիտական հետազոտություններ և համեմատական բարբառագիտություն» ծրագիրը, որի իրագործման համար մեծ ներդրում ունեցան ԵՊՀ ՈւԳԸ-ն, ինչպես նաև Հայոց լեզվի պատմության ամբիոնը:
Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս ուսումնասիրությունների նպատակն է ցույց տալ բարբառային տեղաշարժերը:
Նույն ամբիոնի դոցենտ Սուսաննա Գրիգորյանն էլ հավելեց, որ ցանկանում են վերականգնել հին ու բարի ավանդույթները, երբ ուսանողներն օրեր շարունակ որևէ բնակավայրում բարբառախոսների հետ զրուցում, պատմություններ էին լսում ու գրի առնում:
Գրիգորյանի խոսքով, այժմ նույն վայրում կարելի է հանդիպել տարբեր բարբառներով խոսող մարդկանց. «Մեր նպատակն է հասկանալ՝ որքան է փոփոխվել բարբառը, ինչ ազդեցությունների է ենթարկվել, որքան է մոտեցել գրական հայերենին»:
Ծրագրի նպատակն է նպաստել ԵՊՀ-ում բարբառագիտության զարգացմանը, հնարավորություն ընձեռել ուսումնասիրողին, մասնավորապես՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներին, գրելու մասնագիտական հոդվածներ՝ բարբառագիտական թեմաներով, ստեղծելու համեմատական բարբառագիտության ուսումնական ձեռնարկ:
Տեղեկացնենք, որ բարբառագիտական ուսումնասիրություններին մասնակցող Հայ բանասիրության ֆակուլտետի 20 ուսանողները ընտրվել են մրցութային կարգով:
Ուսանողները մասնակցել են վերապատրաստման դասընթացների, ուսումնասիրել են բարբառները, կատարել են համեմատություններ:
Բարբառագիտական ուսումնասիրության առաջին կենտրոնը Շիրակի մարզն էր:
Հետազոտող խումբը հյուրընկալվեց բարբառախոս առաջին գյուղում՝ Ազատանում: Գյուղի 102-ամյա բնակչուհի Վառվառա Մոսոյանն ուսանողների համար Կարնո բարբառով երգեր երգեց, կյանքից որոշ դրվագներ պատմեց: 13 թոռ, 30 ծոռ և 15 կոռ ունեցող Վառվառա տատիկն ուսանողներին ընդունեց հարազատի պես և ասաց, որ նորից այցելեն Ազատան:
Ուսանողների ուսումնասիրության հաջորդ կենտրոնը Մարմաշեն գյուղն էր: Նրանք լսած պատմությունները, բարբառային ձևերը գրի առան և ուղևորվեցին Գյումրի, որտեղ հանդիպեցին Գյումրու բնակիչ Էդուարդ Աթոյանի հետ:
Վերջինս բարբառը համեմատեց մայրական կաթի և հոր արյան հետ. «Բարբառը մոր կաթի պես քաղցր է. ծնված օրից հետդ է: Ուր գուզես գնա, ինչ գուզես էղի, բարբառդ չես կռնա մոռանաս»:
Գյումրեցին հետազոտող խմբին պատմեց Գյումրվա հայտնի անեկդոտներից, հետաքրքիր դեպքերից, ծանոթացրեց քաղաքին ու մի քանի բնակիչների հետ, որոնք իրենց պատմություններով հարստացրին Կարնո բարբառի ուսումնասիրությունները:
Ավարտելով աշխատանքն առաջին բարբառախոս կենտրոնում՝ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները քննարկեցին օրվա արդյունքները:
Ուսանող Գոհար Վահանյանը փաստեց, որ բառաֆոնդի ակնհայտ փոփոխություն կա. «Որքան էլ մեր զրուցակիցներն իրենց բարբառակիր են համարում ու հավելում, որ եկող սերունդը ևս բարբառով է խոսում, այնուամենայնիվ ակնհայտ էր, որ բուն բարբառը փոխվել է»:
Նա հավելեց, որ Կարնո բարբառը հետզհետե դառնում է խոսվածքների խառնուրդ:
Հիշեցնենք, որ ուսումնասիրություններից հետո հետազոտող խումբն իրականացնելու է հավաքագրած նյութերի քննություն, կատարելու է համեմատություն նախկին ուսումնասիրությունների հետ՝ ներգրավելով ամբիոնի համապատասխան մասնագետներին:
«Բարբառագիտական հետազոտություններ և համեմատական բարբառագիտություն» ծրագրի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին՝ ծրագրի իրագործմանը նպաստելու և աջակցելու համար:
Անգին Խաչատրյան