- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՑ 24-Ը ՍՏԱՑԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԴԻՊԼՈՄ
Հունիս 18, 2018 | 17:05
Ուսանողական
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՑ 24-Ը ՍՏԱՑԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԴԻՊԼՈՄ
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2017-2018 ուստարվա մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Նշենք, որ այս տարի 51 շրջանավարտից 24-ը ստացան գերազանցության դիպլոմ:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ֆակուլտետի ամբիոնների վարիչներ, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, շրջանավարտների ծնողներ, հարազատներ ու ընկերներ:
Միջոցառմանը ներկա էին նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնագիտացումների պետական քննական հանձնաժողովների նախագահներ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը և ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:
Շրջանավարտներին մասնագիտական և անձնական հաջողություններ մաղթեց ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: «Ձեր մասնագիտական աշխատանքով ու պահվածքով դուք պետք է բարձր պահեք և՛ ԵՊՀ-ի, և՛ ձեր ֆակուլտետի հեղինակությունը: Ես չեմ հանդիպել մեր ֆակուլտետի մեկ շրջանավարտի, ով իր մասնագիտական գործունեության ընթացքում կգործի ընդդեմ Մայր բուհի: Մեր ֆակուլտետը փորձել է ոչ միայն լավ կրթություն տալ մեր ուսանողներին, այլ նաև նրանց դաստիարակել որպես լավ քաղաքացի»,-ասաց նա::
Դեկանը խորհուրդ տվեց շրջանավարտներին իրենց կապը պահել ԵՊՀ-ի հետ, քանի որ վեց տարի սովորել և կայացել են հենց Մայր բուհում: «Ինձ համար գերագույն արժեք է ԵՊՀ-ն, ինչպես նաև նրա հանդեպ ճիշտ վերաբերմունքը: Ով Մայր բուհի հանդեպ ունի արժանի վերաբերմունք, կարող է համարվել և՛ լավ քաղաքացի, և՛ լավ մարդ: Մեր ուսանողները պետք է գիտակցեն և ցանկացած քայլ անելիս միշտ պետք է հիշեն, որ իրենք ներկայացնում են ոչ միայն ֆակուլտետը, այլ նաև ֆակուլտետի դասախոսներին ու Մայր բուհը: Ես կարծում եմ, որ միայն այս ճանապարհով հասարակությունում ինչ-որ բան կարելի է փոխել: Այս սերունդը պետք է իսկապես մթնոլորտ փոխի, այն պետք է ձևավորի այն հասարակությունը, որտեղ մենք կցանկանանք ապրել»,- հավելեց նա:
Նրա խոսքով, այս տարվա մագիստրատուրայի շրջանավարտներն իրենց գիտելիքներով տարբերվում էին նախորդ տարիների շրջանավարտներից:
Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի պատմության ու տեսության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը: Նրա խոսքով, իրավագիտությունը բարու և արդարության մասին գիտություն կամ արվեստ է: «Դուք այս վեց տարիների ընթացքում յուրացրել եք այդ արվեստը, ձեր գործունեությունը հետագայում կապված է լինելու բարին և արդարը հաստատելու հետ: Կոչ եմ անում բոլորին միշտ գործել արդար, քանի որ միշտ պետք է հաղթանակեն օրենքը ու արդարությունը»,- հավելեց նա:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնագիտացումների պետական քննական հանձնաժողովների նախագահներ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը և ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը նույնպես շնորհավորեցին շրջանավարտներին, ինչպես նաև մասնագիտական բարեմաղթանքներ հղեցին:
Շրջանավարտներին իրենց բարեմաղթանքները հղեցին նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:
Նադեժդա Տեր-Աբրահամյան