- Գլխավոր
- Նորություններ
- ««FAKE NEWS», ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ԷՍՍԵՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Նոյեմբեր 27, 2019 | 14:04
Հասարակություն
««FAKE NEWS», ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ԷՍՍԵՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի են ունեցել ««Fake news», խոսքի ազատություն» խորագրով քննարկում և համանուն թեմայով գրված էսսեների մրցանակաբաշխություն:
«ELSA DAY»-ի շրջանակում իրականացված քննարկումը կազմակերպվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և Եվրոպայի իրավաբան ուսանողների միության նախաձեռնությամբ:
Եվրոպայի իրավաբան ուսանողների ասոցիացիան՝ «ELSA»-ն (The European Law Students’ Association), միջազգային, անկախ, ոչ քաղաքական և շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է ուսանողների կողմից ուսանողների համար:
Այն իրավաբան ուսանողներին հնարավորություն է տալիս կատարելագործելու իրենց մասնագիտական հմտությունները, ձեռք բերելու նոր հմտություններ, հանդիպելու այլ երկրներում բնակվող իրավաբան ուսանողների և մասնագետների հետ ողջ Եվրոպայում:
Դեռևս 2015 թ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ասպիրանտների ջանքերով ՀՀ-ում՝ մասնավորապես ԵՊՀ-ում, հիմնադրվել է Եվրոպայի իրավաբան ուսանողների ասոցիացիայի հայաստանյան կառույցը, որն արդեն չորս տարի շարունակ ակտիվ գործունեություն է ծավալում իրավաբան ուսանողների հետ: Այն ներկայացված է եվրոպական 44 պետությունների գրեթե 375 իրավաբանական ֆակուլտետներում: Ներկայումս «ELSA»-ին անդամակցում են ավելի քան 50.000 ուսանող և երիտասարդ իրավաբան:
Նախաձեռնող խմբի անդամների խոսքերով, «ELSA»-ին անդամակցությունը հայ ուսանողներին հնարավորություն կտա մասնակցելու միջազգային բազմաթիվ ծրագրերի, կապ հաստատելու արտասահմանյան ուսանողների հետ, պրակտիկա անցնելու տարբեր երկրների իրավաբանական գրասենյակներում և դատարաններում, հոդվածներ տպագրելու ասոցիացիայի գիտական ամսագրում և այլն:
Յուրաքանչյուր տարի «ELSA»-ի անդամ պետությունները տարվա մեջ մեկ անգամ որոշում են միևնույն թեմայով կազմակերպել միջոցառում: Այդ օրը կոչվում է «ELSA DAY», և «ELSA»-ի բոլոր անդամները տարբեր լեզուներով ու տարբեր ձևաչափերով խոսում են միևնույն թեմայի մասին:
Այս տարի «ELSA DAY»-ը նվիրված էր ««Fake news», խոսքի ազատությանը»:
Խոսքի ազատության կարևորության և դրա սահմանափակումների մասին խոսեց Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս Արսեն Թավադյանը:
«Որևէ երկրի իրավական կարգավորումները պայմանավորված են տվյալ երկրի փաստացի իրավիճակով: Հայաստանի Հանրապետությունում հարստությունը մարդն է: Հենց այդ պատճառով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանությունն ամենակարևոր և առանցքային դրույթներից մեկն է»,- նշեց Ա. Թավադյանը:
Նրա փաստարկմամբ, խոսքի ազատությունը հնարավորություն է տալիս մարդկանց արտահայտելու իրենց կարծիքները, սակայն դա չի նշանակում, որ նույն երևույթի վերաբերյալ տարբեր մարդկանց արտահայտած կարծիքներն ունեն միևնույն արժեքները:
Ա. Թավադյանի դիտարկմամբ, խոսքի ազատությունը գիտության զարգացման հիմնաքարերից է, այն կարևոր է հատկապես ժողովրդավարական հասարակություններում, քանի որ նպաստում է կոռուպցիայի դեմ պայքարին. «ՀՀ-ում ուժի մեջ է մտել «Ազդարարման համակարգի մասին» օրենքը, որը հնարավորություն է տալիս անանուն հրապարակելու մարդկանց կարծիքները կամ մտավախությունները որևէ կոռուպցիոն երևույթի վերաբերյալ, որոնք ուղարկվելու են դատախազություն և ստուգվելու են»:
Իրավաբանի փաստարկմամբ, խոսքի ազատությունը չի կարող երբեք բացարձակ լինել. «Այն կարող է սահմանափակվել, եթե պետությունը սահմանում է լիցենզավորման ընթացակարգեր ԶԼՄ-ի համար, և կարող է սահմանափակել, եթե առկա է ավելի մեծ գերակա շահ»:
Արսեն Թավադյանն անդրադարձավ նաև պետության՝ կեղծ լուրերի և ապատեղեկատվության դեմ պայքարի քրեաիրավական, տնտեսական, քաղաքացիաիրավական,վարչաիրավական միջոցներին:
Նշենք, որ Իրավաբանների և աշակերտների հետ հանդիպման ավարտին տեղի ունեցավ ««Fake news», խոսքի ազատություն» խորագրով էսսեների մրցույթի մրցանակաբաշխությունը, որին դիմած 50 դպրոցներից ընտրվել են 16-ը:
Նրանք պարգևատրվեցին հավաստագրերով, իսկ լավագույն աշխատանքների հեղինակները ստացան հատուկ մրցանակ:
Մրցույթին մասնակցող աշակերտներից Մարիա Հովհաննիսյանը սովորում է Երևանի թիվ 148 դպրոցի 12-րդ դասարանում: Մարիան իր էսսեում անդրադարձել է կեղծ լուրերին, դրանց հասցրած վտանգներին և կանխարգելման մեխանիզմներին:
Մրցույթին մասնակցելը Մարիան պայմանավորում է թեմայի արդիականությամբ և թեմայի մասին իր ունեցած գիտելիքներով. «Փորձառու եմ նմանօրինակ ձևաչափով էսսեներ գրելու հարցում, քանի որ Ամերիկյան համալսարանում ևս մասնակցել եմ մրցույթի: Հայաստանում դժվար է պայքարել կեղծ տեղեկատվության դեմ, բայց հատուկ համակարգի ներդրմամբ կարող ենք պարզել՝ օգտատերն իրական է, թե կեղծ, և որքան է տվյալ լուրը վտանգավոր հասարակության համար»:
Մարիան Իրավագիտության ֆակուլտետի ապագա դիմորդ է:
Անգին Խաչատրյան