- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԷԼԻՆԱ ԱՍՐԻՅԱՆԸ
Հուլիս 09, 2019 | 12:16
Հասարակություն
ԵՊՀ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԷԼԻՆԱ ԱՍՐԻՅԱՆԸ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Էլինա Ասրիյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր:
Այսօր տեղի ունեցած ԵՊՀ ռեկտորատի ընդլայնված նիստի ժամանակ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել Էլինա Ասրիյանը: Նա հայտնեց, որ Բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտորի նշանակման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել՝ մեկ ամսից հաստատելու այժմ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆայել Բարխուդարյանի թեկնածությունը:
Ինչ վերաբերում է Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորի նշանակմանը, Գեղամ Գևորգյանը փաստեց, որ այն կլինի նախքան նոր ուսումնական տարվա սկիզբը, իսկ Ընդհանուր հարցերով պրոռեկտորի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Արարատ Մալխասյանը:
Տեղեկացնենք, որ Էլինա Ասրիյանն ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը: 2004-2008 թթ. սովորել է ՀՀ ՊԿԱ ասպիրանտուրայում: 2008 թ. պաշտպանել է «Միֆը՝ որպես քաղաքական լիդերի իմիջի ձևավորման սոցիալ-հոգեբանական գործոն» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտը 2002-2004 թթ. աշխատել է Երևանի պետական հոգեբանական կենտրոնում՝ որպես հոգեբան, 2004-2005 թթ. եղել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի խորհրդականը: 2005-2007 թթ. ՀՀ ՊԿԱ հոգեբանության ամբիոնում եղել է դասախոս և լաբորանտ, 2007-2009 թթ.՝ ԵՊՀ հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի դասախոս:
Էլինա Ասրիյանը 2008 թ. առ այսօր ԵՊՀ փորձարարական հոգեբանության լաբորատորիայի ավագ գիտաշխատող է, 2009 թ. առ այսօր՝ Հայ-ռուսական համալսարանի մեդիայի և գովազդի ինստիտուտի դոցենտ: Նա 2009-2012 թթ. եղել է ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի ասիստենտ, իսկ 2012 թ. առ այսօր ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ է:
Էլինա Ասրիյանի հետաքրքրությունների շրջանակը ներառում է իմիջի հոգեբանությունը, գովազդը և PR-ը, սոցիալական հոգեբանությունը, զանգվածային հաղորդակցման հոգեբանությունը և հուզական ոլորտի հոգեբանությունը:
Էլինա Ասրիյանը մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների և դրամաշնորհային ծրագրերի: 2003 թ. նա ճանաչվել է ֆակուլտետի լավագույն ուսանող և արժանացել ԵՊՀ արծաթե մեդալի: 2017 թ. ճանաչվել է Հայ-ռուսական համալսարանի լավագույն դասախոս: «Էգո երիտասարդ հոգեբաններ» ՀԿ-ի անդամ է:
Քնար Միսակյան