- Գլխավոր
- Նորություններ
- ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ. ՏԱՐՀԱՆՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիս 25, 2018 | 13:23
Հասարակություն
ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ. ՏԱՐՀԱՆՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր ԵՊՀ քաղպաշտպանության ամբիոնն ուսումնավարժանք էր անցկացնում, որին մասնակցում էին այն ֆակուլտետների ուսանողները, ովքեր տվյալ կիսամյակում անցնում են «Քաղպաշտպանություն և արտակարգ իրավիճակներում բնակչության առաջին բուժօգնություն» առարկան:
Ըստ բեմադրված սցենարի՝ ԵՊՀ քաղպաշտպանության ամբիոնի մասնաշենքում հրդեհ էր բռնկվել, իսկ տուժածների, նրանց տարհանողների ու օգնություն ցուցաբերողների դերերում էլ հենց առարկան ուսումնասիրող ուսանողներն էին:
Վարժանքը մեկնարկեց տագնապային ազդանշանով: Լսարանում բռնկված հրդեհը փորձել էին հանգցնել սեփական ուժերով, բայց չէր ստացվել, և ստիպված էին ուսանողներին ու դասախոսներին տարհանել: Տարհանման ընթացքում ոմանք ստացել էին վնասվածքներ՝ այրվածքներ, կոտրվածքներ և այլն:
Նմանաբնույթ միջոցառման նպատակն է ուսանողներին տեղեկացնել, թե ինչպես պետք է վարվել արտակարգ իրավիճակների ժամանակ:
Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ամբիոնի վարիչ Սարգիս Մանուկյանը վստահաբար նշում է. «Սա այն առարկան է, որի տված գիտելիքներն օգնելու են, որպեսզի մարդը կողմնորոշվի ցանկացած արտակարգ պատահարի ժամանակ»:
Իսկ ԵՊՀ ուսանող Արամ Թումանյանը, ով մասնակցում էր ուսումնավարժանքին, սովորում է երրորդ կուրսում և կարծում է, որ քաղպաշտպանության դասընթացները անհրաժեշտ են բոլորին՝ անկախ մասնագիտական կողմնորոշումից: «Թե՛ տեսական, թե՛ գործնական պարապմունքներն անցկացվում են հարմարավետ պայմաններում: Ուսանողները կարողանում են տեսական գիտելիքը վերածել գործնականի: Մինչ այս դասընթացը որոշ բաներ գիտեինք, բայց հիմա ավելի հմտացել ենք: Շատ բան ենք սովորել»,- ասաց Ա. Թումանյանը: