- Գլխավոր
- Նորություններ
- ՖՐԱՆՍԻԱՅԻ ԷՔՍ ՄԱՐՍԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Հունիս 06, 2018 | 16:02
Կրթություն
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԷՔՍ ՄԱՐՍԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ իրանագիտության ամբիոնում «Մի հարացույցի տրոհո՞ւմ, թե՞ պահպանում. պարսկերենի և տաջիկերենի օրինակի վրա» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Էքս Մարսել համալսարանի իրանագիտության բաժնի վարիչ, պրոֆ. Հոմա Լեսան-Փեզեշքին:
Դասախոսությունը նվիրված էր պարսկերենի և տաջիկերենի քերականության համեմատական քննությանը: Երկու լեզուներն էլ սերում են դասական նոր պարսկերենից, և, ըստ էության, համարվում են քույր լեզուներ: Թեև երկու լեզուներն էլ շատ նման են, իսկ գրական մակարդակում տարբերությունները չնչին են, այնուամենայնիվ, առօրյա-խոսակցական տարբերակներում առկա են զգալի փոփոխություններ, որոնք հանգեցրել են քերականական կարգերի փոփոխությունների:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնը դասախոսությունը կազմակերպել էր «Erasmus+» ծրագրի միջոցով Հայաստան այցելող դասախոսների հետ համագործակցության շրջանակում: Մեզ հետ զրույցում ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ասաց, որ այդ ծրագրի շրջանակում ամբիոնը համագործակցում է եվրոպական մի շարք համալսարանների հետ, այդ թվում՝ Էքս Մարսել համալսարանի հետ:
Վարդան Ոսկանյանը նշեց, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ համագործակցությունն ընդգրկելու է ոչ միայն դասախոսություններ, այլև ուսանողների փոխանակման ծրագիր:
«Մասնավորապես, եթե «Erasmus+» ծրագիրը թույլ տա, ապա Էքս Մարսել համալսարանը մտադիր է պարսկերեն ուսումնասիրող իր ուսանողներին պրակտիկա անցնելու համար ուղարկել մեր ամբիոն՝ հաշվի առնելով այն որոշակի սահմանափակումները, որոնք ունեն եվրոպական երկրները՝ կապված Իրանի հետ: Այս տեսանկյունից մեր ամբիոնը ոչ միայն գիտական կենտրոն է, այլ նաև պարսից լեզվի ուսումնասիրության կարևոր օջախ, որի առաքելություններից են եվրոպացի իրանագետների հետ կապեր հաստատելը, ինչպես նաև շատ դեպքերում նրանց պարսկերենը կատարելագործելը: Պետք է փաստել, որ Հայաստանում պարսկերենի մակարդակը շատ բարձր է, ինչը խոստովանում են նաև իրանցիները»:
Դասախոսության թեման նախօրոք է ընտրվել՝ հաշվի առնելով դասախոսի նախասիրությունները և նրա մասնագիտացման ոլորտը: Բացի այդ՝ կարևորվել է այն հանգամանքը, որ տվյալ ոլորտում Հայաստանում ուսումնասիրություններ չեն արվել:
Խոսելով ամբիոնի հետագա աշխատանքների մասին՝ Վարդան Ոսկանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կշարունակեն սերտ համագործակցել եվրոպական և իրանական մի շարք համալսարանների հետ. «Ամբիոնի հեռահար ծրագրերը կարող ենք բաժանել երկու հիմնական ոլորտների՝ կրթական և գիտական: Կրթական հատվածում մենք ձգտում ենք իրանագիտությունն իր բոլոր ուղղություններով ներկայացնել և պատրաստել իրանագետ մասնագետի, իսկ գիտական ոլորտում մենք ձգտում ենք պահպանել և զարգացնել այն վարկը, որ ունի մեր ամբիոնը»:
«Ի դեպ, այս տարի՝ հոկտեմբերին, Երևանում է անցկացվելու Իրանագիտական լեզվաբանության միջազգային 8-րդ կոնֆերանսը, որի իրավունքը մենք վաստակել ենք Վիեննայի ակադեմիայի հետ մրցակցության արդյունքում: Պատկերավոր արտահայտելու համար ասեմ, որ այդ կոնֆերանսի անցկացումը Հայաստանում իրանագիտության ոլորտում գրեթե հավասարազոր է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացմանը»,- ասաց Վարդան Ոսկանյանը:
Քնար Միսակյան