- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎՍ 5 ՏԱՐԻ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ
Հունիս 05, 2018 | 15:55
Քաղաքականություն
ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎՍ 5 ՏԱՐԻ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գիտխորհրդի նիստի օրակարգում մեկ հարց էր՝ ֆակուլտետի դեկանի ընտրություն, որին ներկայացված էին պրոֆեսորներ Հայկ Սարգսյանի և Միքայել Միքայելյանի թեկնածությունները:
Դեկանի ընտրությանը ներկա էին ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, ֆակուլտետի գիտխորհրդի 36 անդամներից 35-ը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, շրջանավարտներ:
Նիստը նախագահում էր Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր և պատվավոր վարիչ Գրիշա Ղարիբյանը:
Ծրագրային առաջին ելույթով հանդես եկավ ֆակուլտետի Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, դեկանի թեկնածու Միքայել Միքայելյանը:
«Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ դիմողների թիվը կտրուկ նվազել է, որի պատճառներից մի քանիսն են դասավանդման որակի անկումը, առարկայական ծրագրերի անփոփոխությունը, գործնական պարապմունքների գրեթե բացակայումը և այլն: Դասավանդման մեթոդները չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին, այդ իսկ պատճառով խիստ կարևոր եմ համարում ֆակուլտետի նյութատեխնիկական բազան համալրելու խնդիրը: Առաջիկայում մեծ ուշադրություն պետք է դարձնել մագիստրոսական կրթությանը, որը և՛ կրթական ծրագրերի, և՛ ուսանողների թվի, և՛ դասավանդման մեթոդների ու ընդունելության կարգի առումով փոփոխության կարիք ունի: Ֆակուլտետում նաև մեծ թիվ են կազմում համատեղությամբ աշխատող դասախոսները, ինչը թույլ չի տալիս ճիշտ կազմել հիմնական աշխատողների ծանրաբեռնվածությունը»,- նշեց Մ. Միքայելյանը և հավելեց, որ ֆակուլտետում առկա են նաև կոռուպցիայի և հովանավորչության ընդգծված երևույթներ, որոնք արմատախիլ անելու համար ֆակուլտետի նորընտիր դեկանը պետք է խիստ քայլեր ձեռնարկի:
Մ. Միքայելյանն անդրադարձավ նաև ֆակուլտետի գիտական ներուժի ճիշտ և հավասարաչափ օգտագործմանը, ինչպես նաև գործունեության ակտիվությանն ուղղված ծրագրերի ներդրմանը:
«Ֆակուլտետը պետք է ակտիվ մասնակցություն ունենա նաև երկրի կառավարման և զարգացման գործընթացում՝ իրականացնելով թեմատիկ վերլուծություններ և դրանց հիման վրա մշակված առաջարկություններ: Այդ իսկ պատճառով էլ լրիվ իրատեսական եմ համարում ֆակուլտետում ինքնաֆինանսավորվող վերլուծական կենտրոն հիմնադրելու գաղափարը: Ֆակուլտետի վարկանիշը բարձրացնելու համար, կարծում եմ, որ պետք է թողարկել եռամսյա գիտական հանդեսներ, որոնք լրացուցիչ հնարավորություն կտան ասպիրանտներին ու հայցորդներին տպագրվելու համար: Հետևողական աշխատանք պետք է տանել նաև հանրապետության և միջազգային այլ բուհերի հետ համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ ներգրավվելով նաև ուսանողական կառույցների ներկայացուցիչներին»,- ընդգծեց դեկանի թեկնածուն:
Այնուհետև իր ծրագրային ելույթի հիմնական դրույթները ներկայացրեց Հայկ Սարգսյանը:
«Ֆակուլտետի չորս ամբիոնների կողմից իմ՝ դեկանի թեկնածության առաջադրումը խիստ պարտավորեցնող է: Ուրախ եմ, որ դեկանի ընտրության հարցում այլընտրանք կա, ինչը վկայում է ֆակուլտետում ժողովրդավարական մթնոլորտի առկայությունը: Հարկ եմ համարում նշել նաև, որ իմ ղեկավարության օրոք ուսանողների թիվը գրեթե եռապատկվել է: Ներկայումս լուրջ ուշադրություն է դարձվում դասավանդման մեթոդների և պրոֆեսորադասախոսական կազմի որակավորմանը, տնտեսագիտական և բիզնես կրթության տարբերակմանը, տեղեկատվական, մասնագիտական և գիտական գրականության ծավալների մեծացմանը, ինչպես նաև տնտեսագիտական կրթության համապատասխանեցմանն ազգային և միջազգային տնտեսության առանձնահատկություններին ու հիմնական միտումներին: Ֆակուլտետում կառուցվածքային փոփոխությունները ևս շարունակական բնույթ են կրելու, որոնք ապագայում թույլ կտա ժամանակի պահանջներին համապատասխան նոր ամբիոններ և մասնագիտություններ մշակել»,- ասաց պրոֆեսոր Սարգսյանը և ներկայացրեց ֆակուլտետի կրթական ծրագրերում ներառված նոր մասնագիտացումները, գիտակրթական կենտրոնների աշխատանքները և գիտահետազոտական գործունեություն հիմնական ուղղությունները:
Հայկ Սարգսյանը խոսեց նաև ֆակուլտետի ուսանողական կառույցների գործունեությանը՝ նշելով, որ ուսանողները բավականին ակտիվ ու նախաձեռնող են, ինչը ողջունելի է և մեծ դեր է խաղում ֆակուլտետի զարգացման գործում:
«Ֆակուլտետի կառավարման ռազմավարական զարգացումները տեսանելի ապագայում հանդես են գալու հետևյալ միտումներով՝ տնտեսագիտական կրթության որակի բարելավում, ուսումնակրթական և սոցիալական օղակների հիմնում, ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցության միջոցով շրջանավարտների ասոցիացիայի հիմնում, ֆինանսական լրացուցիչ հոսքերի ապահովում, անգլալեզու ակադեմիական խմբերի ձևավորում, արտասահմանցի ուսանողների ուսուցում համեմատաբար ավելի բարձր կրթաթոշակներով, վճարովի կրթական ծառայությունների մատուցում, դրամաշնորհային ծրագրերի ընդլայնում, ինչպես նաև հեռաուսուցման համակարգի ներդրում և գործարար աշխարհի ներկայացուցիչների վերապատրաստում»,- ամփոփեց Հ. Սարգսյանը:
Բանախոսները պատասխանեցին նաև գործընկերների մի շարք հարցերին, որից հետո հանդիպման մասնակիցները հանդես եկան ելույթներով:
Գաղտնի և փակ քվեարկության արդյունքում 27 կողմ, 0 դեմ ձայներով Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան ընտրվեց Հայկ Սարգսյանը, իսկ Միքայել Միքայելյանին կողմ էին քվեարկվել ֆակուլտետի գիտխորհրդի 8 անդամներ, դեմ՝ 0: