- Գլխավոր
- Նորություններ
- ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՆԳՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Նոյեմբեր 29, 2021 | 15:07
Գիտություն
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՆԳՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում այսօր իր աշխատանքներն է սկսել Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել է ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի (ԱԻ) և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) համագործակցության շրջանակում:
ԵՊՀ պատմության, աստվածաբանության, արևելագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ՈՒԳԸ-ների նախաձեռնությամբ կյանքի կոչված և արդեն ավանդական դարձած գիտաժողովը համախմբել էր ոչ միայն հայաստանյան բուհերի (ԵՊՀ, ՀՊՄՀ, ՀՀ ԳԱԱ ԱԻ, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան, Գավառի պետական համալսարան, Վանաձորի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) ու կրթական կենտրոնների, այլև օտարերկրյա մի քանի համալսարանների (Հարավային դաշնային համալսարան (ՌԴ), Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարան (ՌԴ)) երիտասարդ պատմաբաններին:
Միջազգային գիտաժողովին բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն ու ՀՀ ԳԱԱ ԱԻ փոխտնօրեն Գոռ Մարգարյանը:
«Դեկտեմբերի առաջին շաբաթվանն ընդառաջ ԵՊՀ-ում և մասնավորապես Պատմության ֆակուլտետում միշտ էլ կազմակերպվել են Պատմաբանի օրվան նվիրված գիտաժողովներ: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ուսանողական գիտական ընկերության բոլոր ներկայացուցիչներին միջազգային գիտաժողով կազմակերպելու համար, քանի որ գիտաժողովներն այն հարթակներն են, որտեղ բացահայտվում է երիտասարդ գիտնականների և հետազոտողների ներուժը: Ողջունելի է, որ այս կարևոր նախաձեռնությանը միացել են նաև մեր գործընկերներն այլ բուհերից և գիտական կենտրոններից: Նշեմ նաև, որ լավագույն աշխատանքները տպագրվելու են համալսարանական ամսագրերում, ինչը կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր երիտասարդ հետազոտողի համար»,- ողջույնի խոսքում ասաց Էդիկ Մինասյանը և հավելեց, որ նմանօրինակ գիտաժողովների խորհուրդն ապագա գիտնականների հայտնաբերումն ու խրախուսումն է:
ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը նախ շնորհավորեց բոլորին Պատմաբանի օրվա կապակցությամբ և նշեց. «Ողջունում եմ գիտաժողովը և կարևորում ուսանողական նախաձեռնությունները, քանի որ դրանց ընթացքում ուսանողը ոչ միայն գիտելիք, այլև տեխնիկական և գիտական թեմաների հետ աշխատելու և դրանք ներկայացնելու հմտություններ է ձեռք բերում: Ներկա ժամանակաշրջանի մարտահրավերների պայմաններում մենք տեսնում ենք, թե որքան կարևոր է հումանիտար բնագավառի մասնագետի դերը տեղի ունեցող գործընթացներում: Հասարակության մեջ ընթացող փոփոխություններում և հասարակության փոխակերպման արդյունքում հենց հումանիտար թև մասնագետներն են, որ պահպանում են հասարակության գիտակցության բալանսավորումը՝ հստակ ընկալելով ազգի ու հայրենիքի հավիտենականության գաղափարը»:
«Սիրելի՛ ուսանողներ, անվախ մտեք գիտական դաշտ, մի՛ խուսափեք դժվարություններից և հստակ կատարեք ձեր առաջին քայլերը. դրանք շատ կարևոր են լինելու հետագա գործունեության համար: Ողջունելի է նաև բուհերի և ֆակուլտետների ղեկավար կազմի միշտ դրական ու խրախուսող վերաբերմունքն ուսանողական ցանկացած նախաձեռնության հանդեպ: Մեր երիտասարդներին հորդորում եմ երբեք չկորցնել այն խանդավառությունն ու ոգևորությունը, որով նախաձեռնում և իրականացնում եք ձեր գաղափարներն ու ծրագրերը»,- ասաց ՀՀ ԳԱԱ ԱԻ փոխտնօրեն Գոռ Մարգարյանը:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Տաթև Հակոբյանը նշեց, որ նմանօրինակ գիտաժողովներն արդեն ավանդական են դարձել Պատմության ֆակուլտետում. «Այս անգամ որոշեցինք ոչ թե հանրապետական, այլ միջազգային գիտաժողով կազմակերպել և շատ ուրախացանք, երբ գիտաժողովի հայտարարության տարածումից անմիջապես հետո մասնակցության հայտեր ստացանք հայաստանյան, ինչպես նաև օտարերկրյա բուհերից»:
Հարկ է նշել նաև, որ միջազգային գիտաժողովի 5 օրերի ընթացքում հնչելու է շուրջ 78 զեկուցում, որից 5-ն օտարերկրացի ուսանողների կողմից:
«Մասնակիցներ ունենք Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Վրաստանից: Նշեմ, որ մասնակիցներից մեկն էլ ազգությամբ թուրք է, որը Ռուսաստանի բնակիչ է»,- ամփոփեց Պատմության ֆակուլտետի ուսանողական կառույցի նախագահը:
Միջազգային գիտաժողովի թեմաները բավականին ընդգրկուն են և բազմաշերտ, որոնք ներառում են հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածը:
Հավելենք, որ գիտաժողովի աշխատանքներն ու քննարկումներն իրականացվելու են ոչ միայն ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում, այլև ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում, ՀՊՄՀ-ում, որտեղ էլ դեկտեմբերի 3-ին ամփոփվելու են միջազգային գիտաժողովի արդյունքները: