- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՕՐԻՆԱԿՈՎ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ՕԳՏՎԵԼ Ե՛Վ ԵՄ-Ի, Ե՛Վ ԵԱՏՄ-Ի ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ». ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Նոյեմբեր 13, 2019 | 16:15
Հասարակություն
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՕՐԻՆԱԿՈՎ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ՕԳՏՎԵԼ Ե՛Վ ԵՄ-Ի, Ե՛Վ ԵԱՏՄ-Ի ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ». ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ԵՊՀ քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, քաղ. գիտ. դոկտոր Աշոտ Ալեքսանյանը հոկտեմբերի 15-17-ը մասնակցել է Բելգորոդ քաղաքում տեղի ունեցած «ԵԱՏՄ անդամ երկրների միջսահմանային և միջտարածաշրջանային փոխազդեցությունը» խորագրով միջազգային ֆորսայթ-նստաշրջանին: Պարոն Ալեքսանյանի հետ զրուցել ենք դրա օրակարգի և արդյունքների, ինչպես նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին ինտեգրվելու հեռանկարների մասին:
-Պարոն Ալեքսանյան, կպատմե՞ք՝ ո՞ւմ կողմից էր կազմակերպվել նստաշրջանը, ովքե՞ր են մասնակցել դրան, և ի՞նչ միջոցառումներ են իրականացվել:
- Միջոցառումը կազմակերպվել էր ՌԴ նախագահի հիմնադրամի կողմից քաղաքացիական հասարակության զարգացման համար տրամադրված դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Դրան մասնակցել է Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, ԱՊՀ երկրների, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և ԵՄ ավելի քան 80 փորձագետ: Նստաշրջանի առաջին օրը՝ հոկտեմբերի 15-ին, Բելգորոդի ազգային հետազոտական պետական համալսարանում տեղի է ունեցել «ԱՊՀ անդամ պետությունների հանրային դիվանագիտությունը. տարածաշրջանների ներուժը» միջազգային գիտագործնական խորհրդաժողովը, որին զեկուցմամբ հանդես եմ եկել նաև ես: Հոկտեմբերի 16-ին «Եռման կետ-Բելգորոդ» ծրագրի շրջանակում անցկացվել է «ԱՊՀ անդամ պետությունների հանրային դիվանագիտության ինտերակտիվ մոդելը» խորագրով կլոր սեղան-քննարկում: Նստաշրջանի վերջին օրը՝ հոկտեմբերի 17-ին, տեղի է ունեցել բաց դասախոսություն՝ «Ինտեգրման գործընթացների նախագծման ֆորսայթ-տեխնոլոգիաները» թեմայով:
- Ի՞նչ հարցեր են քննարկվել «ԱՊՀ անդամ պետությունների հանրային դիվանագիտությունը. տարածաշրջանների ներուժը» միջազգային գիտագործնական խորհրդաժողովին, և ինչի՞ մասին էր Ձեր զեկուցումը:
- Խորհրդաժողովի ընթացքում քննարկվել են հանրային դիվանագիտության, ԱՊՀ անդամ պետությունների ինտեգրման, միջսահմանային համագործակցության և միջտարածաշրջանային փոխգործակցության հարցեր: Իմ զեկուցումը սոցիալական գործընկերության մասին էր՝ որպես եվրասիական սոցիոմշակութային տարածության բաղադրիչ: Այն վերաբերում էր խնդիրներին, որոնք կան ԵԱՏՄ տարածաշրջանում: Խորհրդաժողովի մասնակիցներին հետաքրքիր էր, թե ինչ հիմնախնդիրներ կան այսօր, որոնք էլ ես փորձեցի ցույց տալ զեկուցման ընթացքում: Իմ կարծիքով, կա սոցիալական գործընկերության բաց: Այն կարող է հաղթահարվել, եթե ԵԱՏՄ-ն հնարավորություն տա արհեստակցական միություններին, գործարարությանը, ինչպես նաև շահագրգիռ բոլոր կողմերին ակտիվորեն ներգրավելու ԵԱՏՄ հանրային քաղաքականությանը վերաբերող հարցերին:
- Իսկ ի՞նչ հարցեր են քննարկվել «ԱՊՀ անդամ պետությունների հանրային դիվանագիտության ինտերակտիվ մոդելը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը:
- Կլոր սեղանի ընթացքում քննարկվել են թվային դարաշրջանում պետական դիվանագիտության ոլորտում վստահության հիմնական խնդիրները, հանրային դիվանագիտության զարգացման և եվրասիական տարածքում միջսահմանային համագործակցության զարգացման խնդիրները, դրամաշնորհային աջակցության հայտերի մշակման և հայցադիմման հիմնական պահանջները: Բացի դրանից՝ որպես միջոցառման մաս, անցկացվել է մամուլի ասուլիս, որի ժամանակ Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Մոլդովայի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները պատասխանել են լրագրողների հարցերին՝ կապված եվրասիական ինտեգրման հեռանկարների հետ: Ասուլիսի ընթացքում քննարկվել են նաև համագործակցության ընթացիկ ոլորտները, ինչպես նաև ԵԱՏՄ-ին նոր պետությունների անդամակցելու հնարավորությունները:
- Քննարկվե՞լ են Հայաստանի հետագա ինտեգրմանը վերաբերող խնդիրներ:
- Բոլոր մասնակիցներին հետաքրքիր էր, թե 2018 թվականի հեղափոխությունից հետո ինչ խնդիրներ կան, որոնք կարող են ի հայտ գալ, նրանց ի պատասխան՝ ես պարզաբանեցի, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները պահանջում են, որ ԵԱՏՄ-ն հաշվի առնի խնդիրները, որոնք կան մեր հասարակության մեջ: Մեր երկիրը քաղաքական վարչակարգի առումով և հաստատված ժողովրդավարության աստիճանով տարբերվում է ԵԱՏՄ մյուս երկրներից: Բացի դրանից՝ մեր երկիրը և Բելառուսն Արևելյան գործընկերության երկրներ են, սակայն վերջինիս նկատմամբ բազմաթիվ վերապահումներ կան՝ կապված ավտորիտար զարգացումների և քաղաքացիական հասարակության խնդիրների հետ: Մեր երկիրն այդ առումներով շահեկան դիրքերում է: Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների տարբերության լավ օրինակ է Հանրային խորհրդի առկայությունը: Այն հարթակ է, որը բացակայում է ԵԱՏՄ երկրներում, և հետաքրքիր օրինակ է, թե ինչպես է կառավարությունն աշխատում քաղաքացիական հասարակության հետ:
- Ի՞նչ թեմաներ են արծարծվել նստաշրջանի վերջին օրը տեղի ունեցած բաց դասախոսության ժամանակ:
- Ես, Ռուսական արտասահմանի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Պանտելեևը և Վելիկո Տիռնովոյի «Սուրբ Կյուրեղ և Մեթոդիոս» համալսարանի քաղաքագիտության, սոցիոլոգիայի և մշակութային հետազոտությունների ամբիոնի պրոֆեսոր Թոդոր Գոլունովը, ինչպես նաև այլ փորձագետներ անդրադարձել ենք ԵՄ և ԵԱՏՄ ինտեգրման հեռանկարներին՝ հատկապես նշելով միջազգային նախագծերի փոխլրացման խնդրահարույց կետերը:
- Պարո՛ն Ալեքսանյան, Հայաստանը կարո՞ղ է դառնալ ԵՄ և ԵԱՏՄ կապող օղակը:
- Մենք այսօր հայտարարում ենք դրա մասին, բայց իմ կարծիքով, դա բարդ գործընթաց է: ԵՄ-ն չի ճանաչում ԵԱՏՄ-ին որպես սուբյեկտ: Մենք փոքր երկիր ենք կամուրջ լինելու համար, այն էլ աշխարհաքաղաքական այդպիսի դիրք գրավելու դեպքում: Սակայն Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ արդյունավետ աշխատելու դեպքում կարելի է օգտվել և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի հնարավորություններից: Տնտեսական բաղադրիչով մեր երկիրը կապված է ԵԱՏՄ-ի հետ, և այդ առումով պետք է զարգացնել տնտեսական ենթակառուցվածքները: Եթե առաջիկայում Իրանը նույնպես ներգրավվի այս միության գործընթացներին, ապա հնարավորություն կստեղծվի հաղթահարելու տնտեսական շրջափակումը, դառնալ տարանցիկ երկիր՝ լինելով հաղորդակցության միջանցք: Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ ԵՄ-ի համար շատ կարևոր դեր ունեն մարդու իրավունքների պաշտպանությունը, քաղաքացիական հասարակություն-պետություն երկխոսությունը և այլն: Մենք կարող ենք բարեփոխել մեր քաղաքական համակարգը, փորձել ինտեգրվել, չմոռանալ, որ ԵՄ-ում ունենք մեծ սփյուռք, հսկայական ժառանգություն և այլն: Իմ կարծիքով, հետագա զարգացումներն էլ ցույց կտան, որ երկու հարթակների հետ համագործակցությունը երկրի զարգացման վրա միայն դրական ազդեցություն կթողնի:
- Ի՞նչ առաջարկություններ են հնչել նստաշրջանի ընթացքում, և ինչ նոր միջոցառումներ են նախատեսվում առաջիկայում:
- Բելգորոդի ազգային հետազոտական պետական համալսարանը, որտեղ անցկացվել է միջոցառումը, միջսահմանային համագործակցության և ինտեգրման կենտրոն-ինստիտուտ է, որին հետաքրքիր է, թե ինչ հետազոտություններ են արվում ԵԱՏՄ երկրների վերաբերյալ: Ըստ այդմ՝ առաջարկվել է ստեղծել գիտահետազոտական աշխատանքների շտեմարան, որը կարող է միավորել ԵԱՏՄ երկրները, գիտական շարժունության ծրագրերի ստեղծման և իրականացման գաղափարները, ինչպես նաև ստեղծել Եվրասիական տնտեսական միության հանրային կառավարման դպրոցների միջտարածաշրջանային ցանց: Բացի դրանից՝ նախատեսվում է, որ մայիսին ԵՊՀ-ում անցկացվելու է հանդիպում-քննարկում, որին մասնակցելու են ԵԱՏՄ-ին առնչվող հիմնախնդիրներով զբաղվող գիտական հանրության ներկայացուցիչները:
Քնար Միսակյան