- Գլխավոր
- Նորություններ
- ՊԱՏԵՐԱԶՄ, ԲՈՒԺՈՒՄ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎ ՏԱՌԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԵՐ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԵՊՀ. Լ. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ ԻՐ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
Հունիս 21, 2018 | 14:45
Հասարակություն
ՊԱՏԵՐԱԶՄ, ԲՈՒԺՈՒՄ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎ ՏԱՌԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԵՐ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԵՊՀ. Լ. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ ԻՐ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ անվտանգության պետ Լյովա Առուստամյանի անցած ճանապարհի մասին քչերը գիտեն: Նրա ուղին սկսվում է պատերազմի դաշտից և հասնում է մինչև համալսարանում կարգ ու կանոնի պահպանում: Մեզ հետ զրույցում նա պատմեց իր անցած դժվարին ճանապարհի և համալսարանում սիրելի դարձած աշխատանքի մասին:
Առուստամյանը Սյունիքի մարզի Տաթև գյուղից է: Մայրը Շինուհարից է, հայրը՝ Տաթևցի: 1988 թվականի վերջին նա դառնում է Քոլատակում կազմավորված կամավորական ջոկատի անդամ: «Քեռիս այդ ջոկատի հրամանատարներից էր, և ես աստիճանաբար դարձա այդ ջոկատի անդամը, բոլորիս միավորում էր հայրենիքը»,- պատմում է Առուստամյանը:
Իսկ «Ալֆա» անվտանգության ծառայությունում իր աշխատանքը Լ. Առուստամյանը սկսել է դեռևս 90-ական թթ.-ից: ««Ալֆա»-ում մեծ ուշադրություն էին դարձնում անցածդ ճանապարհին, և պատահական չէր իմ՝ այդ ծառայության կազմում լինելը»,- հավելում է նա:
Նա 1993 թ.-ին մարմնական վնասվածք է ստանում, Հայաստանում անհրաժեշտ բուժում չստանալու պատճառով մեկնում է Ուկրաինա. «Վնասվածքներս լուրջ էին, բայց Դոնեցկում անհրաժեշտ բուժում ստացա, ապաքինվելուց հետո զբաղվեցի մարդասիրական գործունեությամբ»:
Առուստամյանը հիշում է, որ իր ճանապարհը շարունակվում է «Գվարդիական աստղ» ռազմահայրենասիրական կազմակերպությունում: Նա ոգևորությամբ պատմում է կազմակերպության նախագահ Տիգրան Գրիգորյանի մասին: ««Կոմս» մականունով է հայտնի ու հզոր կերպար է»,- հավելում է Առուստամյանը:
Լյովա Առուստամյանը հինգ տարի ապրում է Բելգիայում և այնտեղ հիմնում բռնցքամարտի հայկական դպրոցը, որտեղ պարապմունքներն անվճար էին. «Ես, այսպես ասած, համոզում էի հայերին, որ նրանց երեխաներն անպայման բռնցքամարտով զբաղվեն. չէ որ յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա իրեն պաշտպանել, քանի որ հայրենիքից դուրս վտանգը զգալի մեծ է»: Բռնցքամարտի դպրոցի հիմնումից հետո Առուստամյանը հայերին միավորում է տառաճանաչության դպրոցում. «Հաջորդ քայլը եղավ մեր հայրենակիցներին հայկական գրի ու գրականության հետ ծանոթացնելը»,- պատմում է նա:
Անվտանգության պետը պատմում է նաև «12+1» սեղանի մասին, որի շուրջ հավաքվում են զինվորական ուղղով անցած մարդիկ. «Աստված չանի, եթե հայրենիքը վտանգի մեջ լինի, մենք միշտ պատրաստ ենք օգնության»:
Որպես անվտանգության ծառայության պետ Առուստամյանը ԵՊՀ-ում աշխատում է 2014 թ.-ից: «Զինվորական եմ, սիրում եմ կարգ ու կանոնի հաստատում, քանի որ կարգ ու կանոնի պահպանումը դյուրին է դարձնում մարդկանց ապրելակերպը»:
Նա նշում է, որ սիրով է կատարում իր աշխատանքը. «Գուցե շատերին թվում է, թե ես չափից դուրս պահանջկոտ եմ, բայց պատճառն այն է, որ մեծ նվիրումով եմ կատարում իմ աշխատանքը»:
Անվտանգության պետը նշում է, որ շատ է սիրում ուսանողներին, օգնում է նրանց, խորհուրդներ տալիս: «Այսօրվա երիտասարդները նաև խորհրդի կարիք ունեն. չպետք է միայն պահանջել, այլ պետք է ստեղծել: Իզուր չեն հնուց եկած այն խոսքերը, որ պետք է տուն կառուցել, ծառ տնկել, իսկ իրենք պատրաստի տուն և ծառ են ուզում՝ առանց ներդրում ունենալու»,- ասում է Առուստամյանը:
Նա խորհուրդ է տալիս սիրել կյանքը, հասկանալ՝ որն է կյանքի նպատակը և հանուն ինչի պետք է ապրել. «Ամենավատն այն է, որ հարցնում ես՝ ինչ ձգտումներ ունես, ինչի համար ես այդ քայլն անում, պատասխան չունեն: Կյանքը պետք է ճիշտ ապրել, չպետք է անընդհատ բողոքել ու դժգոհել, այլ պետք է աշխատել ու վայելել աշխատանքիդ սերմերը»:
Առուստամյանը նշում է, որ հաճախ է հետևում ԵՊՀ-ի մարզահամալիրում ուսանողների պարապմունքներին. «Ինքս էլ պարապում եմ և շատ ուրախանում, երբ նկատում եմ, որ ուսանողները փորձում են ընդօրինակել իմ կատարած վարժությունները»:
Առուստամյանն ունի երկու երեխա. դուստրն ամուսնացած է, իսկ որդին 16 տարեկան է. «Աշխատանքի բերումով քիչ եմ ժամանակ տրամադրում որդուս»,- անկեղծանում է նա:
Այն հարցին, թե որդին կշարունակի հոր ճանապարհը. «Չեմ կարծում՝ իմ անցած ճանապարհը շատ փշոտ ու դժվարին է եղել, ես չէի ցանկանա, որ տղաս այն շարունակեր»:
Անգին Խաչատրյան