- Գլխավոր
- Նորություններ
- «ԻՆՉՊԵ՞Ս Է ԽՈՍՔԸ ՓՈԽՈՒՄ ԱՇԽԱՐՀԸ». ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆԸ՝ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀՅՈՒՐ
Հոկտեմբեր 18, 2018 | 15:19
Հասարակություն
«ԻՆՉՊԵ՞Ս Է ԽՈՍՔԸ ՓՈԽՈՒՄ ԱՇԽԱՐՀԸ». ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆԸ՝ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀՅՈՒՐ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողները «Քաղաքական PR» առարկայի շրջանակում հյուրընկալեցին «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին:
Հայկ Կոնջորյանը հանդես եկավ «Ինչպե՞ս է խոսքը փոխում աշխարհը» խորագրով ելույթով:
«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ խոսքն այնքան շատ է, որ տպավորություն է ստեղծվում, թե այն արժեզրկվել է»,- ասաց Հայկ Կոնջորյանը:
Նա առանձնացրեց պատմական 3 ժամանակաշրջան, երբ խոսքը փոխել է կյանքի ընթացքը: Ըստ նրա՝ առաջինը նախնադարյան ժամանակաշրջանն է, երբ խոսքը զարգացնելու շնորհիվ հոմոսապիենսը կարողացավ հաղթել նեանդերթալցուն:
Մյուս փուլը Հին Հունաստանում շուկայի կերպափոխումն էր հրապարակի: Մարդիկ հավաքվում էին շուկայում, քննարկում տարբեր թեմաներ, և այդ ամենից ծնվեց հին հունական ժողովրդավարությունը:
Երրորդ փուլը Հայկ Կոնջորյանը տպագրության գյուտով է պայմանավորում: Գրավոր խոսքի միջոցով ձևավորվեց եվրոպացիների հավաքական ինքնությունը:
Պատմական նախաբանից հետո Հայկ Կոնջորյանը ներկայացրեց խոսքի կառուցվածքը՝ առանձնացնելով խոսքը ճիշտ սկսելու և միանգամից լսարանի ուշադրությունը գրավելու կարևորությունը: Նա նշեց, որ իրավիճակները տարբեր են լինում, իսկ կողմնորոշվելու համար պետք է ճկուն լինել:
Ըստ պատգամավորի՝ խոսքը սկսելու լավագույն տարբերակներից է հարց հնչեցնելը:
«Դուք PR մասնագետներ եք և շատ լավ գիտեք, թե որքան կարևոր է գրավել ուշադրությունը, ինչից հետո հնարավոր կլինի հղել ուղերձը: Իմ փորձից կարող եմ ասել, որ ելույթը սկսելու ամենաարդյունավետ տարբերակներից է հարցը: Ուղղակի տեքստ ասելիս լսարանը փորձում է որսալ խոսողի միտքը, իսկ հարցի պարագայում լսարանը միանգամից ինտեգրվում է զրույցին: Հարցը պետք է լինի հետաքրքիր, պետք է բխի ընդհանուր կոնտեքստից»,- ասաց նա:
Պատգամավորը խոսեց նաև ելույթը պատմությամբ սկսելու եղանակի մասին: Ըստ Պենսիլվանիայի համալսարանի հետազոտությունների՝ մարդիկ ավելի ուշադիր են լինում, եթե պատմության մեջ գտնում են իրենց: Սա նշանակում է, որ լսարանի առջև ելույթ ունենալիս արդյունավետ է պատմել սեփական կամ մեկ ուրիշի փորձի մասին: Բանախոսը նկատեց, որ մարդիկ սիրում են լսել դրամատիկ, դժվարությունների հաղթահարմամբ համեմված պատմություններ, քանի որ այդ պարագայում գտնում են նմանություն իրենց և հերոսի միջև:
Նա առանձնացրեց գլխավոր թեզ-ուղերձները փաստերով, վիճակագրությամբ հարստացնելու կարևորությունը. «Confidence comes from competence՝ վստահությունը գալիս է իմացությունից: Եթե դուք չգիտեք ձեր հիմնական ասելիքը, դա ազդում է ձեր ինքնավստահության վրա, ինչն էլ միանգամից նկատում է լսարանը»:
Հայկ Կոնջորյանը շեշտադրեց խոսքում հնարավորինս կարճ նախադասությունների կիրառումը՝ մոտավորապես 14-18 բառ: Խոսելով խոսքի ընդհանուր տևողության մասին՝ Կոնջորյանը խորհուրդ տվեց հնարավորինս շատ բարձրաձայն կարդալ տեքստը՝ այս ձևը համարելով մտքի լավագույն մարզում:
Ելույթի ընթացքում պատկերավոր ու տեղին համեմատությունները կարևորելով՝ նա օրինակ բերեց մեկ առավելությունը՝ ամենակարևոր ձեռքբերում ներկայացնելու հնարքը. «Հայաստանում առավել հեշտ է բիզնես սկսելը, քան, օրինակ, Չեխիայում: Սա ներկայացվում էր կոնտեքստից դուրս, և տպավորություն էր ստեղծվում, թե Հայաստանն առաջատար է ընդհանուր առմամբ»:
Պատգամավորը մի շարք պրակտիկ նշանակություն ունեցող խորհուրդներ տվեց լսարանին՝ ինչպես հաղթահարել լարվածությունը, վախը, ինչպես վարվել, եթե լսարանում կան խանգարող հանգամանքներ և այլն:
Կոնջորյանի ելույթից հետո ծավալվեց քննարկում, որի ժամանակ հարցեր հնչեցին քաղաքական գործիչ-լրագրող հարաբերությունների, վախն ու անհաջողությունը հաղթահարելու մասին:
Մարի Ռաֆյան