- Գլխավոր
- Նորություններ
- «ԻՏԱԼԵՐԵՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼԵԶՈՒ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Նոյեմբեր 19, 2018 | 17:52
Հասարակություն
«ԻՏԱԼԵՐԵՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼԵԶՈՒ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ
ՀՀ-ում Իտալիայում արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո դել Մոնակոյին իր աշխատասենյակում հյուրընկալեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը, որին ներկա էին ԵՊՀ պրոռեկտորներ Ալեքսանդր Գրիգորյանը և Գեղամ Գևորգյանը ու Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը։
Հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտորն Իտալիայի դեսպանին ներկայացրեց բուհի պատմությունը, կառուցվածքը և ներկայիս գործունեությունը. «Երևանի պետական համալսարանն ամենամեծն է մեր երկրում և ամենահինը՝ 100 տարեկան։ Այն ունի 19 ֆակուլտետ, 4 ինստիտուտ, 15 գիտական կենտրոն, 50-ից ավելի լաբորատորիաներ»։
«ԵՊՀ-ն դասական համալսարան է, և մեզ համար առանձնահատուկ ուրախություն է, որ մենք ունենք իտալական բանասիրության ուսումնասիրության հնարավորություն»,-ասաց պարոն Սիմոնյանը։ Նա խոսեց նաև Իտալիայի հետ ունեցած բազմաբնույթ կապերի մասին և հավաստիացրեց, որ հայերը ծանոթ են ու սիրում են իտալական մշակույթը:
Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը Վինչենցո դել Մոնակոյին ներկայացրեց ԵՊՀ-ում իտալերենի ուսումնասիրության բնագավառում ունեցած հաջողությունները։
«Իտալերենը մեր համալսարանում դասավանդվում է 70-ական թվականներից, իսկ այս վերջին տասնամյակում այն դասավանդվում է որպես մասնագիտական լեզու։ Այս տարիների ընթացքում ձևավորվել են իտալերենի դասավանդման ավանդույթներ, և կարող եմ նշել, որ ԵՊՀ-ի իտալերենի բաժինը Հայաստանում իտալական մշակույթի տարածման կարևոր կենտրոններից մեկն է»,- ասաց տիկին Բաղդասարյանը։
Նա Իտալիայի դեսպանի հետ խոսեց ոչ միայն ձեռքբերումների, այլև խնդիրների մասին, որոնք վերաբերում էին դպրոցներում իտալերենի դասավանդմանը և մասնագետների պատրաստմանը։ Իտալիայի դեսպանն ուրախությամբ հայտնեց, որ այս խնդիրներն արդեն իսկ ստացել են իրենց լուծումները։
Հանդիպման վերջում պարոն Սիմոնյանը Հայաստանի մասին պատմող գիրք նվիրեց դեսպանին և հույս հայտնեց, որ հետագայում համագործակցային կապերնավելի կխորանան, իսկ Վինչենցո դել Մոնակոն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար:
Մարինա Առաքելյան