- Գլխավոր
- Նորություններ
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ». ՀՀ-ՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ
Նոյեմբեր 07, 2018 | 18:11
Հասարակություն
«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ». ՀՀ-ՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը, ԵՊՀ ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը:
Դեսպանն առաջին անգամ էր այցելում ԵՊՀ, ուստի Արամ Սիմոնյանը համառոտ ներկայացրեց համալսարանի անցած ուղին: Ռեկտորն անդրադարձավ նաև Ռուս բանասիրության ֆակուլտետի և Ռուսական կենտրոնի գործունեություններին: Այնուհետև Սերգեյ Կոպիրկինը ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում հանդիպեց ուսանողների հետ:
Դեսպանը ողջույնի խոսքում անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին՝ խոսելով այդ հարաբերությունների ամուր հիմքերի և բազմակողմանիության մասին:
«Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը շատ երկար տարիների փորձ և պատմություն ունի: Այն իր մեջ ընդգրկում է ամենատարբեր ոլորտներ, քանի որ Ռուսաստանի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է: Մեր առաջնային նպատակն է շարունակել արդեն առկա ավանդույթները, որոնք ձևավորվել են այս բարեկամության ընթացքում»:
Սերգեյ Կոպիրկինը, խոսելով Ռուսաստանում ապրող հայ համայնքի մասին, նշեց, որ այն շատ ազդեցիկ է և մեծ ներդրում ունի Ռուսաստանի ամենատարբեր ոլորտների զարգացման գործում. «Ռուսաստանի ժամանակակից պատմությունն առանց հայերի հնարավոր չէ պատկերացնել»:
Դեսպանը խոսեց նաև Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները. «Շատ հատկանշական է, որ այդ փոփոխությունները համընկան իմ նշանակման հետ: Ես հայ ժողովրդի հետ ականատես դարձա քաղաքական այդ ողջ գործընթացին»: Այնուհետև դեսպանը պատասխանեց ուսանողների հարցերին:
Ուսանողներին հետաքրքրում էր, թե ինչպիսի միջմշակութային ծրագրեր է դեսպանությունը պատրաստվում իրականացնել բուհում, արդյոք Հայաստանում նույնպես տեղի կունենան գրական փառատոններ ժամանակակից ռուս գրողների մասնակցությամբ:
Բանախոսը նշեց, որ ամեն ինչ կանի երկկողմանի հարաբերություններն ակադեմիական և մշակութային ոլորտում ավելի ամրացնելու համար:
Ուսանողներին նաև հետաքրքիր էր, թե ինչ վայրեր խորհուրդ կտա դեսպանը Հայաստան այցելած զբոսաշրջիկներին:
«Ես նրանց խորհուրդ կտամ ճամփորդությունը սկսել հենց Երևանից, քանի որ Երևանն առանձնահատուկ էներգիա և ջերմություն ունեցող քաղաք է: Հետո, իհարկե, պետք է այցելել թանգարաններ, լինել թատրոնում և վայելել երևանյան ջազը»,- ասաց դեսպանը:
Անի Պողոսյան