- Գլխավոր
- Նորություններ
- ՎԵՃԵՐ, ՈՐՈՆՔ ԼՈՒԾՎՈՒՄ ԵՆ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ «ԴԱՏԱՍՏԱՆԱԳՐՔԻ» ՀԻՄԱՆ ՎՐԱ. ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴԱՏԱԽԱՂ
Նոյեմբեր 30, 2018 | 14:40
Կրթություն
ՎԵՃԵՐ, ՈՐՈՆՔ ԼՈՒԾՎՈՒՄ ԵՆ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ «ԴԱՏԱՍՏԱՆԱԳՐՔԻ» ՀԻՄԱՆ ՎՐԱ. ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴԱՏԱԽԱՂ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի և ՈՒԽ-ի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ հերթական դատախաղը՝ նախատեսված առաջին կուրսեցիների համար:
Դատախաղը կազմակերպվել էր «Հայաստանի պետության և իրավունքի պատմություն» դասընթացի շրջանակում: Մեզ հետ զրույցում Պետության և իրավունքի տեսության ու պատմության և Սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս Տիգրան Նաղդալյանը փաստեց, որ դատախաղի հիմքում Մխիթար Գոշի «Դատաստանագրքով» առաջադրված որոշակի իրավիճակ է:
«Դասընթացի շրջանակում մանրամասն ուսումնասիրվում է Գոշի «Դատաստանագիրքը»՝ որպես իրավական կարևորագույն աղբյուր: Այս դատախաղի շնորհիվ հնարավորություն ենք տալիս ուսանողներին գործնականում կիրառելու ստացած տեսական գիտելիքները, ինչպես նաև մեզ համար պարզաբանում ենք, թե ինչ չափով են ուսանողներն ընկալել ու հասկացել մատուցված նյութը»,- ասաց Տիգրան Նաղդալյանը:
Դատախաղի գործը վերաբերում էր ամուսնաընտանեկան հարաբերություններին՝ կնոջ և ամուսնու միջև ծագած գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներին: Թիմերը բաժանվել էին հայցվոր և պատասխանող կողմերի: Չորսական փաստաբաններ համապատասխանաբար ներկայացնում էին հայցվորին և պատասխանողին: Դատախաղի բեմադրության մեջ ընդգրկված էին նաև ամուսինն ու կինը: Դատավորների կազմը նույնպես բաղկացած էր ուսանողներից, որոնք վերջնական որոշում կայացնելիս պետք է առաջնորդվեին Գոշի «Դատաստանագրքով»:
Տիգրան Նաղդալյանի հավաստմամբ՝ դատախաղերն օգնում են ուսանողներին նոր գիտելիքներ յուրացնելու առումով. «Մասնավորապես այսօրվա դատախաղին պատրաստվելիս ուսանողները բավականին մանրամասն ուսումնասիրել են «Դատաստանագիրքը», որը իրավական կարևորագույն աղբյուր է»: Դասախոսը փաստեց նաև, որ ուսանողների շրջանում մեծ հետաքրքրություն կա նման ձևաչափի միջոցառումների նկատմամբ. «Առաջին կուրսեցիների մեկ այլ խումբ արդեն պատրաստվում է մեր դասի շրջանակում կրկին իրականացնել դատախաղ»:
Իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի, ՈՒԽ իրավական հանձնաժողովի փոխնախագահ Կարոլինա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատախաղերն անպայման շարունակական են լինելու և օգնելու են ուսանողներին յուրացնել նոր գիտելիքներ ու հմտություններ:
Քնար Միսակյան