- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Հունիս 04, 2018 | 18:00
Ուսանողական
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Այսօր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Մանրէաբանական կենսատեխնոլոգիայի և կենսավառելիքի նորարարական կենտրոնի ներկայացումը, որի ընթացքում ուսանողները ծանոթացան գերժամանակակից վերջին սերնդի սարքավորումներին (անթթվածնային խցիկ, գերցածր ջերմաստիճանային տիրույթի սառնարան, փուլացայտերանգային մանրադիտակ, գազային և հեղուկ քրոմատագիրներ, լաբորատոր կենսառեակտոր և այլն), ինչպես նաև լաբորատորիայում իրականացվող աշխատանքներին:
ԵՊՀ կենսաքիմիայի և մանրէաբանության ամբիոնի դասախոս Կարեն Թռչունյանն ուսանողներին մանրամասն ծանոթացրեց գերժամանակակից վերջին սերնդի սարքավորումներին, որոնք անհրաժեշտ են մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև գիտելիքները գործնականում օգտագործելու համար: «Ուսանողներն այդքան էլ տեղեկացված չեն, իսկ մանրակրկիտ ծանոթությունը կուղղորդի նրանց, որպեսզի ճիշտ կողմնորոշվեն»,- հավելեց նա:
Այնուհետև ուսանողները ծանոթացան «Կիրառական մանրէաբանություն և նորարարական կենսատեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրին, որը ֆակուլտետի նոր ծրագրերից է: Կարեն Թռչունյանն ուսանողներին ներկայացրեց նաև այն առարկաները, որոնք կուսումնասիրեն այդ ծրագրում: Դրանք են՝ Մանրէների կենսատեխնոլոգիա, Մանրէաբանության վերլուծական մեթոդներ, Կենսագործընթացների կառավարում, Կենսազանգված և կենսաէներգիա և այլն:
Թռչունյանը հավելեց, որ ապագայում նախատեսվում է անգլերենով դասընթացներ անցկացնել, որի արդյունքում մագիստրոսական ծրագիրն ավելի կզարգանա:
Անգին Խաչատրյան