- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՅՍ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄՆ ԻՍԿԱԿԱՆ ՆՎԵՐ Է ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ ԻՐԵՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆ
Նոյեմբեր 16, 2018 | 13:52
Հասարակություն
«ԱՅՍ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄՆ ԻՍԿԱԿԱՆ ՆՎԵՐ Է ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ ԻՐԵՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆ
Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ՝ Գուրգեն Ասատուրյանի անվան հանրակացարանի բացման հանդիսավոր արարողությունը: Ամերիկահայ բարերար Գուրգեն Ասատուրյանի հովանավորությամբ ԵՊՀ միջազգային կրթական կենտրոնի 51 մասնաշենքը կապիտալ վերանորոգվել է:
Հանրակացարանի վերանորոգումը կատարվել է ամերիկահայ բարերար Գուրգեն Ասատուրյանի՝ համալսարանին կտակված գումարի և ԵՊՀ-ի միջոցների հաշվին:
Բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ վարչական և դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր:
Բացման և բարի գալուստի խոսքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ հանրակացարանի բացումը չափազանց կարևոր իրադարձություն է համալսարանի համար:
«Հանրակացարանն իր բոլոր հարմարավետություններով ծառայելու է, որ ուսանողը կարողանա թե՛ իր ուսման գործընթացը, թե՛ իր կենցաղը ճիշտ կազմակերպել: Այս հանրակացարանի կառուցումն իսկական նվեր է մեր ուսանողներին՝ իրենց միջազգային օրվա կապակցությամբ»:
300-500 ուսանողի համար նախատեսված նոր հանրակացարանային համալիրը հնարավորություն է ընձեռում անհոգ և հարմարավետ կազմակերպելու ուսանողական կյանքը:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը նշեց, որ նմանօրինակ հանրակացարանը շատ մեծ նշանակություն ունի համալսարանական կյանքը ամբողջականացնելու գործում:
«Մենք հույս ունենք, որ այս հանրակացարանում իրենց հարմարավետությունը գտնելու են նաև այն արտասահմանցի ուսանողները, որոնք կցանկանան կրթություն ստանալ ԵՊՀ-ում,- ասաց Մենուա Սողոմոնյանը,- հանրակացարանի կառուցումը կարևոր է մեր բուհի միջազգայնացման գործընթացի համար, քանի որ շատ հաճախ ծրագրային փաթեթներ ներկայացնելիս մենք ունենում էինք խնդիրներ՝ կապված ուսանողների մնալու վայրի հետ»:
ԵՊՀ հանրակացարանային համալիրի տնօրեն Լեոնարդ Շեկյանը նշեց, որ այսուհետ ուսանողները բարեկեցիկ հանրակացարանում են ապրելու, ինչի կարիքը շատ կար:
«Մենք փորձել ենք հնարավորինս ամեն ինչ անել, որ ուսանողներն այս համալիրում ունենան անհրաժեշտ բոլոր պայմաններն իրենց կարիքները հոգալու համար: Շենքում կան գրադարան, ընթերցասրահ, սննդի կետ: Յուրաքանչյուր հարկ ունի իր խոհանոցն ու սանհանգույցը: Ուսանողներն ունեն նաև լվացքատուն »,- ասաց ԵՊՀ հանրակացարանային համալիրի տնօրենը:
Լեոնարդ Շեկյանի խոսքով, տարածքի բարեկարգման աշխատանքները դեռ շարունակվելու են. նախատեսվում է ավելացնել նաև կանաչ տարածությունը:
Անի Պողոսյան