- Գլխավոր
- Նորություններ
- «PRINTeL» ՆԱԽԱԳԻԾՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Սեպտեմբեր 30, 2021 | 15:39
Հասարակություն
«PRINTeL» ՆԱԽԱԳԻԾՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
«ERASMUS+»-ի «PRINTeL» նախագծի եզրափակիչ «Փոփոխություն լսարանում» վերտառությամբ տեղեկատվական առցանց համաժողովը սեպտեմբերի 29-ին ամփոփեց իր աշխատանքները:
Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Դ. Ավագյանը և Հայաստանում «ERASMUS+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լ. Կառլովան:
Բանախոսներն ընդգծեցին «PRINTeL» նախագծի շրջանակում դասախոսների՝ տեխնոլոգիապես հագեցած նորարարական մեթոդների կիրառման կարևորությունը, մասնավորապես «Covid 19»-ով պայմանավորված համավարակի պայմաններում, երբ անցում կատարվեց առցանց ուսուցմանը:
Համաժողովին մասնակցել են նախագծի գործընկեր հանդիսացող Եվրոպական և Արևելյան գործընկերության 15 բուհերի, կրթական այլ հաստատությունների և տարբեր կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ: ԵՊՀ համակարգմամբ իրականացվող նախագծի նպատակն էր բարելավել դասավանդման և ուսումնառության գործընթացները նախագծի գործընկեր բուհերում՝ խթանելով նորարարական դասավանդումը և ուսուցումը, ինչպես նաև աջակցել տեխնոլոգիաների ու հետազոտությունների ինտեգրմանն ու լավագույն փորձի տարածմանը:
Այս համատեքստում եզրափակիչ համաժողովում ներկայացվեցին նախագծի ձեռքբերումները՝ մշակված նյութերի փոխանակման և քննարկման հարթակի ապահովումը, ձեռք բերված գիտելիքների և փորձի փոխանակումը, ինչպես նաև հետագա նախաձեռնությունների ու հեռանկարների քննարկումը: Համաժողովը հնարավորություն տվեց ամփոփելու այն ամենը, ինչ արվել էր նախագծի իրականացման ընթացքում. այն է՝ օգնել շահառու համալսարանական համայնքներին դասավանդման և ուսուցման հիմնական մարտահրավերներին դիմակայելու գործում, իրենց փորձը տարածել լսարանում, ինչպես նաև դիմակայել ապագա մարտահրավերներին:
Նախագծի համակարգող ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը մանրամասն ներկայացրեց նախագծի ընթացքում կատարված աշխատանքները, արդյունքները և հիմնական ձեռքբերումները։
Համաժողովի ընթացքում տեղի ունեցան կլոր սեղան-քննարկումներ, որոնք հնարավորություն տվեցին մասնակիցներին բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և կարծիքներ փոխանակելու: Քննարկվեցին եվրոպական և գործընկեր համալսարաններում թվայնացված դասավանդման և ուսուցման զարգացման միտումները, ինչպես նաև ներկայացվեցին այս գործընթացում թվային վերափոխման իրականացման ուղիները, որոնք այսօր խիստ անհրաժեշտ են համալսարանական ուսուցման մերօրյա պայմաններում:
Պատրաստեց
Վարդուհի Զաքարյանը