- Գլխավոր
- Նորություններ
- ՖՐԱՆՍԻԱՑԻ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՐԴԱՑԵԼ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Նոյեմբեր 18, 2019 | 14:57
Կրթություն
ՖՐԱՆՍԻԱՑԻ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՐԴԱՑԵԼ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում այսօր Ֆրանսիայի Բուրգոնի Ֆրանշ-Կոմտե համալսարանից ժամանած պրոֆեսորներ Քամիլ Լուփյակն ու Ստեֆան Գիյոմը դասախոսություններ են կարդացել ուսանողների համար:
Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին կենտրոնի ղեկավար Նելլի Հովհաննիսյանը, Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանը, ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ:
Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի ղեկավար Նելլի Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայից ժամանած Քամիլ Լուփյակին ու Ստեֆան Գիյոմին, նշեց, որ Կենսաբանության ֆակուլտետն ակտիվորեն համագործակցում է Ֆրանշ-Կոմտե համալսարանի հետ, և այդ համագործակցության շրջանակում իրենք հրավիրել են պրոֆեսորներին՝ դասախոսությունների շարքով հանդես գալու ֆակուլտետի ուսանողների, ասպիրանտների ու երիտասարդ գիտնականների համար. «Ձեզ ենք ներկայացնելու նաև համատեղ մշակվող և կրկնակի աստիճանաշնորհմամբ մագիստրոսական ծրագիրը, որի հիմնական ուղղություններն են սննդամթերքի և գինու քիմիական, կենսաբանական հետազոտությունները»:
Քամիլ Լուփյակը, ողջունելով ներկաներին, ներկայացրեց Ֆրանշ-Կոմտե համալսարանի և ԵՊՀ-ի կողմից համատեղ մշակվող մագիստրոսական ծրագիրը, որը հնարավորություն կտա հայ և ֆրանսիացի ուսանողներին իրենց ուսումնառության մի մասը կամ ամբողջն անցկացնելու համապատասխանաբար Ֆրանշ-Կոմտեում և ԵՊՀ-ում, ինչպես նաև իրենց հետազոտական աշխատանքները կատարելու երկու համալսարանների լաբորատորիաներում:
Ի դեպ, ուսանողները կարող են ընտրել ծրագրի մանրէաբանական կամ ֆիզիկաքիմիական ուղղությունը: Ծրագրի արդյունքում բավարար կրեդիտներ հավաքած ուսանողները կստանան կրկնակի՝ Ֆրանշ-Կոմտե և Երևանի պետական համալսարանների դիպլոմներ:
Ք. Լուփյակը նշեց, որ իրենք արդեն ունեն ուսանողների փոխանակման փորձ, Բուրգոնի համալսարանում իրականացվող մագիստրոսական ծրագրերը շեշտը դնում են հետազոտական բաղադրիչի վրա՝ ուսումնառության ողջ գործընթացի ընթացքում կազմակերպելով երկշաբաթյա դասախոսություններ և մեկշաբաթյա լաբորատոր աշխատանքներ:
Պրոֆեսորներ Քամիլ Լուփյակն ու Ստեֆան Գիյոմը լուրջ ուսումնասիրություններ են կատարում սննդամթերքի կենսաքիմիայի և դրա տարբեր բաղադրիչների, ինչպես նաև գինու մանրէաբանական և քիմիական ուսումնասիրությունների ոլորտում, ըստ այդմ՝ նրանց դասախոսությունները նվիրված էին սննդամթերքի բաղադրիչների առանձնահատկություններին, մասնավորապես սպիտակուցների տարբեր աղբյուրներին ու դրանց յուրահատկություններին, գինու հնեցման ու գինեգործական տեխնոլոգիաների նկարագրությանը:
Հասմիկ Ասլանյան