- Գլխավոր
- Նորություններ
- ՑՈՒՑԱՐԱՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ.-Ի ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
Նոյեմբեր 27, 2019 | 14:45
Հասարակություն
ՑՈՒՑԱՐԱՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ.-Ի ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծից բողոքող ուսանողները նստացույցից հետո հանդիպել են ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ ու պայմանավորվել առաջիկայում հանդիպում ունենալու համար։
Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների մի շարք ուսանողներ նոյեմբերի 6-ից դասադուլ էին կազմակերպել։
Ուսանողները բողոքում էին աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծից, ըստ որի՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։
Մի շարք ուսանողներ մինչ օրս շարունակում էին դասադուլը, սակայն նրանց իրենց աջակցությունը հայտնած դասախոսների հետ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումից հետո ուսանողներն իրենց խնդրանք-պահանջը ներկայացնող նամակով դիմել էին պարոն Գ.Գևորգյանին։
Նամակով նրանք Գեղամ Գևորգյանին առաջարկել էին գիտխորհրդի նիստ հրավիրել՝ քննարկելու ոչ միայն բուհերում նոր նախագծով «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դառնալը, այլև դասախոսների հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարարի պահվածքը: Ռեկտորը պատասխան նամակով հայտնել է, որ վիճահարույց օրենքի նախագծի մասին դասախոսական կազմի առարկություններն ուղարկվել են նախարարություն, իսկ երկրորդ կետի մասին պատասխանում նշվել է, որ ԵՊՀ գիտխորհուրդը նման լիազորություն չունի:
Նամակի պատասխանը չի գոհացրել ցուցարար ուսանողներին, և այդ պատճառով նրանք այսօր նստացույց էին սկսել ռեկտորի աշխատասենյակի դիմաց ու պահանջում էին հանդիպում նրա հետ:
«Անվտանգության աշխատակցին խնդրել էինք՝ ռեկտորին փոխանցի, որ մենք ուզում ենք լրագրողների ներկայությամբ բաց հանդիպում ունենալ իր հետ, սակայն պարոն Գևորգյանն ասել է, որ ժամանակ չունի։ Մենք այնքան ժամանակ կմնանք այստեղ, մինչև հանդիպենք նրա հետ»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող, ցուցարար Էդուարդ Գալստյանը։
Ցուցարարները պահանջում էին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ հանդիպում, որպեսզի հղեին նրան իրենց հետաքրքրող ամենակարևոր հարցերը, այն է՝ ինչու օրենքի նախագծում ներառված կետերն առանձին փաթեթով չեն քննարկվում համալսարանի գիտխորհրդում, ինչու է փաստացի մերժվել քննարկման առաջարկը։
Նստացույցը սկսելուց որոշ ժամանակ անց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպեց ցուցարարների հետ, լսեց նրանց հարցերն ու խնդրանքը: Մի շարք ցուցարարների կողմից առաջարկ եղավ առաջիկայում հանդիպել ու քննարկել ստեղծված իրավիճակը: Պարոն Գեղամ Գևորգյանը նրանց հետ պայմանավորվածություն ձեռք բերեց հանդիպելու ու պայմանավորվելու քննարկման տեղի ու ժամի մասին վաղը՝ նոյեմբերի 27-ին:
Մանրամասները՝ տեսանյութում։