- Գլխավոր
- Նորություններ
- ԲԵՄՈՒՄ ՀՆՉՈՒՄ ԷԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ ՈՒ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԳԵՐ
Մայիս 25, 2018 | 18:49
Մշակույթ
ԲԵՄՈՒՄ ՀՆՉՈՒՄ ԷԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ ՈՒ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԳԵՐ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ԵՊՀ-ին նվիրված երիտասարդական երգի մրցույթի եզրափակիչ փուլը:
ԵՊՀ 100-ամյակին ընդառաջ ԵՊՀ մշակույթի կենտրոնը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ կազմակերպել է ԵՊՀ-ին նվիրված երգի մրցույթ:
Առաջին փուլում մրցույթին մասնակցելու բազմաթիվ հայտեր են ընդունվել, որոնցից ընտրվել են լավագույն 6 երգեր, որոնք այսօր ներկայացվեցին ժյուրիի և հանդիսատեսի դատին:
Մրցույթի ժյուրիի կազմում են Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի տնօրեն, կոմպոզիտոր Ստեփան Բաբաթորոսյանը, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի, ինչպես նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի ղեկավար Կարեն Սարգսյանը և ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:
Մրցույթի եզրափակիչ փուլում հնչեցին Էդմոնդ Մակարյանի «Մայր համալսարան», Տիգրան Գրիգորյանի «Ւմ ու քո համալսարան», «Երևանի պետական համալսարան», Արեգնազ Մարտիրոսյանի «Ես երգում եմ», Գայանե Թադևոսյանի «Հոգուս օրրան համալսարան» և Աննա Զաքարյանի «Նվիրվում է Մայր բուհին» երգերը:
Ժյուրիի որոշմամբ՝ ԵՊՀ-ին նվիրված երիտասարդական երգի մրցույթում երրորդ պատվավոր տեղը զբաղեցրեց Գայանե Թադևոսյանը, երկրորդ տեղը՝ Աննա Զաքարյանը, իսկ առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Էդմոնդ Մակարյանը:
Ի դեպ, եզրափակիչ փուլում Էդմոնդ Մակարյանի հեղինակած երգը կատարեց հայտնի երգչուհի Անահիտ Շահբազյանը:
Էդմոնդ Մակարյանն իր խոսքում նշեց, որ չնայած ինքը չի ավարտել ԵՊՀ-ն, բայց ինչպես իր, այնպես էլ յուրաքանչյուր հայի համար այն կարևոր արժեք է:
Կարինե Դավթյանն էլ բոլոր մասնակիցներին տեղեկացրեց, որ հաղթողների և խրախուսական պարգևների արժանացած մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հաջորդ շաբաթվա ընթացքում: