- Գլխավոր
- Նորություններ
- ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՈՒԺԵՐՆ ԵՆ ՉԱՓՈՒՄ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄՐՑԱՓՈՒԼԸ
Նոյեմբեր 29, 2021 | 16:48
Ուսանողական
ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՈՒԺԵՐՆ ԵՆ ՉԱՓՈՒՄ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄՐՑԱՓՈՒԼԸ
ԵՊՀ ՈՒԽ բանավեճի ակումբը կազմակերպել է բանավեճի ակումբային առաջնություն, որի 1/8-րդ եզրափակչի շրջանակում այսօր մրցել են երկու թիմ՝ իրենց կողմ և դեմ դիրքորոշումները հայտնելով «Հայերը չպետք է անցկացնեն իրենց հանգիստը Թուրքիայում» թեմայի վերաբերյալ:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ ՈՒԽ բանավեճի ակումբի նախագահ Դավիթ Թովմասյանն ասաց, բանավեճի ակումբային առաջնության նպատակն է ուսանողներին հաղորդակից դարձնել պերճախոսության արվեստին, զարգացնել նրանց քննադատական միտքը, ընձեռել տեսական նոր գիտելիքներ ու բանավիճելու հմտություններ ձեռք բերելու հնարավորություն, ինչպես նաև ծանոթացնել հանրային դիսկուրսում առկա գերակա թեմաներին:
Դավիթ Թովմասյանը պատմեց, որ այս առաջնությանը մասնակցելու համար նախապես դիմել է շուրջ 45 թիմեր, որոնցից հարցազրույցի միջոցով ընտրվել են 16-ը: Յուրաքանչյուր շրջափուլից առաջ վիճակահանությամբ որոշվում է, թե որ թիմն ում դեմ է մրցելու, թե ինչ թեմայի շրջանակում է բանավիճելու:
Նրա խոսքով, յուրաքանչյուր խաղի թեմա ընտրվում է նախապես հատուկ ձևավորված հանձնաժողովի կողմից. «Բանավեճի փորձ ունեցող ուսանողներից կազմված հանձնաժողովը նախևառաջ ընտրում է հանրային դիսկուրսում առկա թեման, որը հետաքրքիր է և ուսուցանող, ապա դրա վերաբերյալ բանավիճում, որպեսզի և՛ կողմ, և՛ դեմ դիրքորոշումների համար փաստարկները հավասար լինեն, ապա նոր հաստատում»:
Դավիթ Թովմասյանն ասաց, որ թիմերը թեմային ծանոթանում են խաղից 4 օր առաջ, իսկ թե որ դիրքորոշման օգտին են խոսելու, վիճակահանությամբ որոշում են խաղից առաջ: Նա նաև տեղեկացրեց, որ կախված թեմայից՝ փոխվում է խաղերի ժյուրիի կազմը. «Ժյուրիի անդամներից մեկը գնահատում է խաղի տեխնիկական հատվածը, իսկ մյուս երկուսը՝ մասնագիտական տեսանկյունից ուսանողների հնչեցրած մեկնաբանությունները»:
Այսօրվա մրցապայքարի ընթացքում 1/8-րդ եզրափակչի մասնակից երկու թիմերը՝ «Ինվիստան» և «Ալ-Ջազիրան», մրցեցին «Հայերը չպետք է անցկացնեն իրենց հանգիստը Թուրքիայում» թեմայի վերաբերյալ՝ հանդես գալով համապատասխանաբար կողմ և դեմ դիրքորոշումներով:
Խաղի ժյուրիի կազմում էին ԵՊՀ սերվիսի ամբիոնի վարիչ, դոցենտ Սեյրան Սուվարյանը, Թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ Նաիրա Պողոսյանը և Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Էդուարդ Գալստյանը, որոնց որոշմամբ էլ հաղթող ճանաչվեց «Ինվիստա» թիմը:
ԵՊՀ ՈՒԽ բանավեճի ակումբի նախագահ Դավիթ Թովմասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ակումբն ունի առաջիկա մի շարք ծրագրեր, որոնցից է, օրինակ, հարակից առաջնությունը. «Մենք նախատեսում ենք փետրվարին և մարտին անցկացնել ևս երկու առաջնություն»:
Քնար Միսակյան