- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ. ՄԱՍ 1-ԻՆ
Դեկտեմբեր 30, 2022 | 13:54
Կրթություն
Գիտություն
Հասարակություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ. ՄԱՍ 1-ԻՆ
Ավարտվում է 2022 թվականը, և համալսարանականները ներկայացնում են անցնող տարվա ընթացքում գրանցված հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև անդրադառնում ապագայի ծրագրերին։ Հաջողությունները եղել են բոլոր ուղղություններով՝ գիտականից մինչև ֆինանսական։
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնն այս տարվա ընթացքում աշխատել է մի քանի ուղղություններով, առաջնահերթ մշակել է ԵՊՀ դասախոսների վերապատրաստման նոր կարգ և ծրագիր 2023-2026 թթ. համար։ Ծրագիրը նախատեսում է դասախոսների՝ կամընտրական հիմքով վերապատրաստում՝ միտված մասնագիտական, դասավանդման, հետազոտական և հաղորդակցական կարողունակությունների զարգացմանը։
Կենտրոնի մասնագիտական վերապատրաստման թիմը մասնավորապես կազմակերպել և իրագործել է շուրջ 30 վերապատրաստման դասընթաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Պետական վերահսկողական ծառայության, Ջրային կոմիտեի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարանների՝ ընդհանուր առմամբ 250 քաղաքացիական ծառայողների համար։
«Հոկտեմբերին և նոյեմբերին «Ֆրիդրիխ Նաուման» գերմանական հիմնադրամի հետ գործակցության շրջանակում ԵՊՀ իրավագիտության, ժուռնալիստիկայի, տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների համար կազմակերպել ենք դասախոսությունների շարք, որտեղ «Հանուն ազատության» հիմնադրամի հրատարակած «Հայաստանի Հանրապետության անկախությունը և ազատական բարեփոխումները» երկհատոր ժողովածուում ընդգրկված հոդվածների հեղինակները ներկայացրել են իրենց աշխատանքներն ու ծավալել քննարկումներ»,- նշում է կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը։
ՇԿԿ-ն նախաձեռնել է կարևոր նշանակության այլ միջոցառումներ ևս, որոնց թվում են «Փեն Ամերիկայի», «Փեն Հայաստանի» և ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի հետ համատեղ կազմակերպած հանդիպումը ավելի քան քսան բանաստեղծների հետ, որը նախատեսված է եղել ԵՊՀ ռուս բանասիրության և եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների ուսանողների համար։
Անցնող տարում Երևանի պետական համալսարանը մեծ հաջողություններ է գրանցել գիտության բնագավառում։ Ինչպես փաստում է ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանը, այս տարի անցկացվել են նշանակալի միջոցառումներ, որոնք ինչպես ծավալային ընդգրկվածության, այնպես էլ բովանդակային շեշտադրման տեսանկյունից առաջին անգամ էին տեղի ունենում։ Ե. Մանուկյանը առաջնահերթ խոսեց «Համահայկական գիտաժողով 2022»-ի մասին, որը համալսարանը կազմակերպել էր ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի հետ համատեղ։
«Ծրագրի շնորհիվ, ի թիվս կարևոր այլ ձեռքբերումների, ուրվագծվեցին գիտական հանրույթի համագործակցության մեծ հեռանկարներ, և, ըստ էության, գիտնականները ծանոթացան միմյանց գործունեությանը և գիտական հետաքրքրությունների շրջանակին»,- մանրամասնում է վարչության պետը։
Երևանի պետական համալսարանը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի («FAST») հետ փոխգործակցում է տարբեր ուղղություններով։
«Մասնավորապես կենսատեխնոլոգիաների ուղղությամբ համագործակցության շրջանակում ԵՊՀ-ում անցկացրել ենք աշխատաժողովներ, որոնց ներկա էր Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի կենսալուծումների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանը։ ԵՊՀ գիտնականների ջանքերով 2024 թվականին Էքստրեմոֆիլների միջազգային 14-րդ համաժողովը կայանալու է Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանում, ինչը մեծ ձեռքբերում է, հատկապես միջազգայնացման տեսանկյունից»,- ասում է Ե. Մանուկյանը։
ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետի խոսքով՝ 2021-2022 ուստարում գիտական գործունեության համար հատկացվող լրավճարների կարգը փոփոխվել է, և հիմնական շեշտը դրվել է միջազգային հեղինակավոր պարբերականներում կատարված գիտական հրապարակումների վրա։ Այս ամենը նպատակաուղղված է գիտնականների խրախուսմանը, գիտական գործունեության շրջանակի ընդարձակմանը և միջազգային գիտական ասպարեզում Երևանի պետական համալսարանի դիրքավորմանը։
Շարունակելով խոսել համալսարանի՝ գիտական ոլորտում արձանագրված հաջողություններից՝ ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանն ընդգծում է ԵՊՀ պարբերականների միջազգայնացմանն ուղղված իրենց աշխատանքները։
Անդրադառնալով անցնող տարվա բարեփոխումներին՝ Կ. Գրիգորյանը նշում է. «2022 թվականին ներդրվել են գրագողության դեմ պայքարի մեխանիզմներ։ Էլեկտրոնային համապատասխան ռեսուրսների միջոցով այսօր ստուգվում են օտար լեզվով լույս տեսնող բոլոր աշխատություններն ու գիտական հոդվածները, որով բացառում ենք գրագողությունը կամ համընկնումներն այլ աշխատանքների հետ՝ մեծապես բարձրացնելով հրատարակվող աշխատանքների որակը։ 2022 թ. ընթացքում մշակել ենք ԵՊՀ գրահրատարակչական քաղաքականություն, որն ուղենիշ է դառնալու այդ ոլորտում կատարվող աշխատանքների համար»։
Տնօրենի խոսքով՝ Երևանի պետական համալսարանի հրատարակած շատ գրքեր և պարբերականներ զետեղվում են միջազգային հայտնի շտեմարաններում, ինչն ընդլայնում է ԵՊՀ տեսանելիությունը և ավելի արդյունավետ է դարձնում աշխատանքն ու համագործակցությունը համալսարանի գործընկերների հետ։
Համալսարանական հաջորդ ստորաբաժանումը՝ ԵՊՀ ֆինանսական վերլուծությունների վարչությունը, 2022 թ. ընթացքում կատարել է 2800 ուսանողի՝ ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու աշխատանքները, համակարգել է ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցման (ռոտացիա) գործընթացը, որի արդյունքում 1495 ուսանողի տրամադրվել է պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում:
«ԵՊՀ ֆինանսական վերլուծությունների վարչությունը համակարգել է առկա ուսուցմամբ սովորողների աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160.1-ին հոդվածով սահմանված կարգով եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձման գործընթացը: Ակտիվ մասնակցություն է ունեցել ԵՊՀ մի շարք ստորաբաժանումների կազմակերպած տարաբնույթ թեմաներով քննարկումներին, ներկայացրել ֆինանսական ազդեցությունը բարեփոխումների և որոշված փոփոխությունների վրա»,- ներկայացնում է վարչության պետ Տիգրան Գալստյանը:
Նրա խոսքով՝ համալսարանը հունվարի 1-ին նախատեսել է ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների՝ համակարգային 10%-ի չափով բարձրացում, իսկ ֆինանսական տարին փակվել է դրամական ավելցուկով։
ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժինը 2022 թ. ընթացքում կատարել է պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդակ, վարչատնտեսական և գիտական կազմի հրամանագրում, կազմակերպել է ԵՊՀ աշխատակիցների առողջական վիճակի պարբերական բուժզննման գործընթացի վերաբերյալ կազմակերպման և ԵՊՀ էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգի խմբագրման աշխատանքներ։
«Այս տարի կազմել ենք գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» և «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթների արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների պայմանագրերի նախագծերը»,- ընդգծում է բաժնի պետ Մերի Զարբաբյանը։
ԵՊՀ ընդհանուր բաժնի վարիչ Ամալիա Գալստյանը, ամփոփելով իրենց տարեկան գործունեությունը, ընդգծում է գործավարության ոլորտում կատարված բարեփոխումները։
«Արդեն ներդրված «Mulberry» համակարգի, ինչպես նաև աշխատողների և ուսանողների դիմումների համար ներդրված «e-request.ysu.am» դիմումների ներկայացման առցանց հարթակի կիրառմամբ, համալսարան մտից և ելից փաստաթղթաշրջանառությունը կատարվում է ավելի արագ և օպերատիվ: Առաջիկայում ունենք շատ անելիքներ: «Mulberry» համակարգում կիրառման մեջ պետք է դրվի գործատուի կողմից ընդունված անհատական իրավական ակտերի և փաստաթղթերի ծանուցման էլեկտրոնային տարբերակը՝ տեղեկացնելով աշխատողին համալսարանական էլհասցեի միջոցով»,- պատմում է Ա. Գալստյանը:
Վարչական կազմի ղեկավարները, ամփոփ ներկայացնելով տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքները, գրանցած հաջողությունները և ունեցած ձեռքբերումները, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորում են համալսարանականներին և բոլոր նրանց, ովքեր պատրաստակամորեն նպաստում են մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ոլորտների զարգացմանը՝ մաղթելով, որ 2023 թվականը լինի խաղաղության, բեղուն գործունեության և ակադեմիական հաջողությունների տարի։
Անի Սուքիասյան