- Գլխավոր
- Նորություններ
- ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ
Դեկտեմբեր 11, 2019 | 16:32
Հասարակություն
ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր «Իրանի դիրքորոշումն Արցախյան հիմնախնդրում» թեմայով դասախոսություն է կարդացել Իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Հանդիպումը տեղի է ունեցել ԵՊՀ ՈՒԽ մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ մեկնարկած «Արցախյան հակամարտության խրոնիկան» խորագրով դասընթացաշարի շրջանակում:
Ներկաներին ողջունեց Մարտական պատրաստության ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանը. «Վստահ եմ, որ այսօր կունենանք շատ հետաքրքիր և բովանդակալից հանդիպում: Գաղտնիք չէ, որ Արցախյան հակամարտությունը մեր տարածաշրջանի ամենաբարդ հակամարտություններից մեկն է, որն այսօր դուրս է եկել տարածաշրջանային մակարդակից՝ իր վրա կենտրոնացնելով միջազգային կազմակերպությունների ուշադրությունը: Մեր հանդիպումը հետաքրքրական է նրանով, որ դեռևս մինչև 1994 թ. զինադադարի կնքումն Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջինը հանդես եկավ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ, բայց այսօր մենք Իրանին գրեթե չենք տեսնում բանակցային գործընթացում, ուստի հենց այս շեշտադրմամբ էլ սկսենք մեր հանդիպումը»:
Վարդան Ոսկանյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշեց, որ շատ ուրախ է նշված թեմայով դասախոսությամբ հանդես գալու լսարանի առջև. «Եթե մենք փորձենք անդրադառնալ Իրանի քաղաքականությանն Արցախյան հիմնախնդրի հարցում, նախ պետք է հասկանանք, թե ինչ է Իրանը, և ինչ քաղաքականություն է վարում այն: Մենք գործ ունենք մի պետական միավորի հետ, որը ձևավորվել է երկու կարևորագույն երևույթների շուրջ՝ շիայական իսլամը՝ որպես պետական գաղափարախոսություն, իրանական մշակույթը՝ որպես պետական գաղափարախոսություն: Այս իմաստով մենք գործ ունենք յուրահատուկ պետության հետ՝ յուրահատուկ քաղաքական կառուցվածքով, յուրահատուկ մշակութային ներկայով ու անցյալով և յուրահատուկ դիվանագիտությամբ ու քաղաքական մոտեցումներով»:
Բանախոսը, Իրանը դիտարկելով որպես բացառապես քաղաքական կառույց, նշեց, որ այս դեպքում գործ ունենք եռաշերտ կառավարում ունեցող պետության հետ, որտեղ առաջնային դերակատարություն ունի հոգևոր առաջնորդի ինստիտուտը, երկրորդ շերտը քաղաքական իշխանությունն է, երրորդը՝ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հետևաբար՝ այս եռաշերտ կառույցի պարագայում իրանական դիրքորոշումները որոշակիորեն տարբերվում են Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ:
Համառոտ խոսելով իրանական մոտեցումների մասին՝ իրանագետն ասաց, որ դրանք կարելի է բաժանել երկու մասի՝ բաց դիվանագիտական հռետորաբանության տիրույթ և այն քաղաքականությունը, որի մասին հաճախ չի խոսվում: Ըստ Վարդան Ոսկանյանի՝ իրանցիներին ձեռնտու է ներկայիս իրավիճակը պահպանելը, քանի որ այդ պայմաններում է Իրանը կարողանում կառավարել որոշակի ռիսկեր՝ կապված իր ազգային անվտանգության ու պետության տարածքային ամբողջականության հետ:
«Մեր հիմնական խնդիրը պետք է լինի ոչ թե թույլ չտալ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միջնորդական առաքելությամբ ներգրավվի գործընթացում, այլ որպեսզի չխաթարվի Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը. դա որոշակի վտանգներ է պարունակում, քանի որ գործող բանակցային միջնորդական ձևաչափը խախտելը կարող է հանգեցնել նրան, որ այլ ձևաչափով գործընթաց մուտք գործի նաև Թուրքիան, ինչը չի բխում մեր շահերից: Սա նշանակում է, որ այս հարթությունում մենք պետք է իրանցիների հետ դիվանագիտորեն գործենք՝ հաշվի առնելով Թուրքիայի ներգրավումը բանակցային գործընթացում»,- ասաց Իրանագիտության ամբիոնի վարիչը:
Նա կարևորեց նաև արցախ-իրանական սահմանի հնարավորինս բաց լինելը, քանի որ դա երկուստեք շահավետ է, և քանի որ հայերն այդ հարցում ավելի շահագրգիռ են, պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն այդ սահմանն օգտագործելու ուղղությամբ:
Բանախոսը կոչ արեց նաև չկիրառել մեր մշակութային ու պատմական արժեքներին խորթ տեղանուններ, խոսքը մասնավորապես թյուրքական ծագում ունեցող Ղարաբաղ անվան մասին է, որը եկել է դեռևս մոնղոլական ժամանակներից. «Քանի որ այդ անվանումը հակասում է մեր պատմական ճշմարտությանը, մենք պետք է օգտագործենք մեր աշխարհագրական անունը՝ Արցախ»:
Հանդիպման վերջում ուսանողներն իրենց հուզող հարցերը հղեցին բանախոսին:
Հասմիկ Ասլանյան