- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է «MICOFE» ՍՏԱՐՏԱՓ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵԼ
Հոկտեմբեր 12, 2021 | 10:41
Հասարակություն
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է «MICOFE» ՍՏԱՐՏԱՓ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵԼ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի թիմը մասնակցելէ «Social Impact Award» ծրագրին, որն աջակցում է երիտասարդ նորարարներին սոցիալական ձեռնարկություններ կառուցելու հարցում: Թիմը ներկայացրելէ «MiCoFe» ստարտափ նախագիծը և հաղթող ճանաչվել:
«MiCoFe»-ն էկոլոգիապես մաքուր, կենսաքայքայվող օրգանական պարարտանյութ է, որի ստեղծման հիմքում ընկած է եփած սուրճի մնացորդների վերաօգտագործման տեխնոլոգիան։
ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի թիմը ներկայացրել են կ.գ.թ. Սաթենիկ Միրզոյանը (թիմի ավագ), ասպիրանտ Լիանա Վանյանը, մագիստրոս Հայարփի Աղեկյանը և բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Լուսինե Դավթյանը: Թիմի խորհրդատուն է եղել կ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Թռչունյանը:
Թիմի անդամ Լիանա Վանյանը, խոսելով ծրագրի մասին, պատմեց, որ առաջին փուլում բոլոր թիմերը մասնակցել են մասնագիտական աշխատաժողովների, առանձին հանդիպումներ ու խորհրդատվություններ ունեցել մենթորների հետ։
Ծրագրի ընթացքում պատրաստվել է մեկ րոպե տևողությամբ տեսահոլովակ, որը կայքէջում դրվել է հանրային քվեարկության: Հաղթող թիմի ընտրության հարցում հաշվի են առնվել նաև հանրային քվեարկության արդյունքները։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի թիմի ավագ Սաթենիկ Միրզոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ծրագրի հիմքում ընկած են թիմի գիտական տարբեր ուսումնասիրությունները, որոնք շարունակական բնույթ են կրելու գաղափարի կատարելագործման համար»:
Առաջարկված նախագիծը հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել և դարձել առաջին մրցանակային տեղի հաղթողը՝ ստանալով 1500 եվրո դրամաշնորհ:
Կենսաբանության ֆակուլտետի թիմի անդամները վստահ են՝ մրցանակը կնպաստի, որպեսզի իրենք հետագայում ընդլայնեն հետազոտությունները, քայլեր ձեռնարկեն տեխնոլոգիան առավել լայնամասշտաբ փորձարկելու և ավելի արդյունավետ դարձնելու համար:
Նադեժդա Տեր-Աբրահամյան