- Գլխավոր
- Նորություններ
- ՏՈՆԱԿԱՆ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԳ ՈՒ ՊԱՐ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ
Փետրվար 14, 2020 | 13:36
Ուսանողական
ՏՈՆԱԿԱՆ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԳ ՈՒ ՊԱՐ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ 7-րդ մասնաշենքի բակում ուսանողները տոնեցին Տեառնընդառաջը:
Տեառնընդառաջը (Տրընդեզ) Հայ առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից է, որը նվիրված է քառասունօրյա մանուկ Հիսուսի ընծայմանն Աստծուն: Հայ առաքելական եկեղեցին նշում է այն Սուրբ ծննդից քառասուն օր հետո: Ավանդական դարձած այս տոնակատարությունից անմասն չեն մնում նաև ԵՊՀ ուսանողները:
Միջոցառմանը ներկա էին Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ:
Ողջունելով ուսանողների նախաձեռնությամբ Տեառնընդառաջը տոնելը՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը նշեց, որ ֆակուլտետի ուսանողները ևս մեկ անգամ ապացուցում են, որ պահպանում և փոխանցում են հայկական ավանդույթներն ու դրանց խորհուրդը:
Տոնակատարության ժամանակ ուսանողները վառեցին ավանդական դարձած կրակը, այնուհետև, ձեռք ձեռքի տված, ցատկեցին կրակի վրայով, հանդես եկան ավանդական երգ ու պարի կատարումներով:
Ավանդական երգին ու պարին հաջորդեց հյուրասիրությունը՝ տոնը խորհրդանշող ուտելիքներով (հալվա, գաթա, աղանձ, գինի, փախլավա):
Իսկ տոնի խորհրդի մասին պատմեց Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Լիլիթ Իշխանյանը: