- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ՝ ՀՐԱԶԴԱՆԻ N10 ԵՎ N13 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
Նոյեմբեր 16, 2018 | 17:47
Հասարակություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ՝ ՀՐԱԶԴԱՆԻ N10 ԵՎ N13 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
Հրազդանի N10 և N13 ավագ դպրոցներն այսօր հյուրընկալեցին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին:
Հիշեցնենք, որ ԵՊՀ մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ իրականցվող դասախոսների մարզային այցելությունները, ինչպես նաև աշակերտների հյուրընկալությունները ԵՊՀ-ում նպաստում են դիմորդների մասնագիտության կողմնորոշմանը:
Երկու դպրոցներում էլ համալսարանականներն ավարտական դասարանների աշակերտների համար դասախոսություններ կարդացին՝ փոխանցելով մասնագիտական գիտելիքներ:
Հրազդանի N 10 ավագ դպրոց հյուրընկալվել էին Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ընդհանուր մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Կարեն Սահակյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի ասիստենտ Սևակ Ղազարյանը, Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Փառանձեմ Մեյթիխանյանը և Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դասախոս Աննա Օհանյանը:
Փառանձեմ Մեյթիխանյանն աշակերտներին ներկայացրեց հայերենի փոխառությունների, նորաբանությունների ու օտարաբանությունների վերաբերյալ դասախոսություն: Դասախոսության թեման հետաքրքիր էր աշակերտների համար: Հայոց լեզվի ամբիոնի դոցենտը դասն անցկացրեց տպավորիչ օրինակներով և հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում աշակերտները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները: Տիկին Մեյթիխանյանը դատարկաձեռն չէր այցելել դպրոց. նա դպրոցին նվիրեց իր հեղինակած բառարանը:
Իսկ միջմշակութային հաղորդակցության նրբություններին ծանոթացրեց Աննա Օհանյանը: Հայ նորագույն գրականության ամբիոնի ասիստենտ Սևակ Ղազարյանն աշակերտներին ներկայացրեց Համո Սահյանի պոեզիայում մարդու և բնության դերը. «Դասախոսությունը չավարտվեց միայն հայ գրականության մեծերի վերաբերյալ քննարկմամբ: Մենք խոսեցինք նաև արտասահմանյան գրականության, ինչպես նաև արդի հիմնախնդիրների մասին»:
Մեզ հետ զրույցում դասախոսները հավելեցին, որ ծրագրային թեմաներից զատ՝ աշակերտներին ներկայացրել են այլ թեմաներ, քննարկել մասնագիտական հիմնախնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ արտահայտել են դիրքորոշումներ:
Հրազդանի N13 ավագ դպրոց այցելել էին Պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը, Քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի դոցենտ Հայկ Բեգլարյանը, Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Ինգա Բազուկյանը և Հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի դոցենտ Լիլիթ Սեյրանյանը:
Այս դպրոցում ևս մասնագիտական դասախոսություններից բացի՝ ծավալվել են ակտիվ քննարկումներ:
«Հայ բանասիրության զարգացումն անհրաժեշտություն է»,- ընդգծեց Լիլիթ Սեյրանյանն ու նշեց, որ քննարկման կենտրոնում եղել են արդի հայ գրականության հիմնախնդիրները:
Հնագիտական ուսումնասիրություններին անդրադարձել է Հայկ Ավետիսյանը: Ամբիոնի վարիչի խոսքով, աշակերտներից շատերն արդեն հստակ կողմնորոշված էին՝ ինչ մասնագիտություն ընտրել:
Անգին Խաչատրյան