- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՂ Է․ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Հունիս 16, 2022 | 13:21
Կրթություն
Գիտություն
Հասարակություն
ԵՊՀ-Ն ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՂ Է․ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Մայր բուհի պատմության մեջ առաջին անգամ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում գիտական աստիճան ստացած շրջանավարտներին հանձնվեցին վկայագրեր։
Հանդիսությունը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով, ապա հնչեց ԵՊՀ հիմներգը:
Հանդիսավոր բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
«Համալսարանում անցկացրած տարիները եղել են արդյունավետ ու բովանդակալից: Ձեր գործունեությամբ դուք պետք է նպաստեք ավելի արդար և կիրթ հասարակություն, առավել հզոր ու բարեկեցիկ երկիր ձևավորելու գործին: Այժմ ձեզնից է կախված, թե ինչպիսին կլինենք մենք, ինչպիսի նպատակներ կսահմանենք և ինչպես կվերարժևորենք մեր ունեցածն ու երազածը՝ այդ նպատակների իրագործմանը հասնելու համար։
Սիրելի՛ շրջանավարտներ, միշտ հիշե՛ք, որ մարտահրավերներին դիմակայելու համար մեզ պետք են գիտելիք, հմտություն, երևակայություն և ստեղծագործականություն: Իմացե՛ք, որ կրթությունն է օգնելու մեզ ավելի լավ ճանաչել ու հասկանալ աշխարհը, և կրթության միջոցով ենք կարողանալու աշխարհն ավելի լավը դարձնել։
Ապագայի կերտման ճանապարհին մենք ձեր մշտական գործընկերն ենք, աջակիցն ու հովանավորը, և ես վստահ եմ, որ համալսարանի հետ անխախտ միասնության զգացումը մշտապես կապրի ձեր սրտերում»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Հ․ Հովհաննիսյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց․ «Սիրելի՛ շրջանավարտներ, բոլորս պետք է երախտապարտ լինենք նրանց, ովքեր հիմնադրել են Մայր բուհը դեռևս 103 տարի առաջ։ Բոլոր խնդիրների լուծման բանալին թաքնված է ճիշտ կրթության մեջ»։
Շնորհավորական ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարության մեջ առաջադրված է, որ հայաստանյան առնվազն երեք բուհ պետք է տեղ գտնի բուհերի միջազգային վարկանիշավորման սանդղակի առաջին 200 հորիզոնականներում: Ն․ Փաշինյանն արձանագրեց, որ ԵՊՀ-ն այս ցուցանիշի ապահովման ամենակարևոր հավակնորդներից մեկն է:
ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ այսօրվա շրջանավարտները կդառնան այն շարժիչ ուժը, որը մեզ համար կրթության ոլորտի բարեփոխումները կդարձնի առավել կարևոր, բովանդակալից և պահանջված:
«Կրթությունը և կրթության ոլորտի բարեփոխումները պիտի զարգացնեն Հայաստանի Հանրապետությունը։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ գնահատանքի խոսքեր ասել Երևանի պետական համալսարանի բոլոր այն դասախոսներին, ովքեր այսօրվա մեր շրջանավարտներին օժտել են այնպիսի հմտություններով, որոնք նրանց պիտի դարձնեն մրցունակ»,- ընդգծեց Ն․ Փաշինյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուշամեդալներ հանձնեց ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆ.մ․գ.դ․, պրոֆեսոր Սամվել Շուքուրյանին, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, կ.գ.դ․, պրոֆեսոր Էմիլ Գևորգյանին, ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆ.մ․գ.դ․, պրոֆեսոր Արամ Սահարյանին, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆ.մ․գ.դ․, պրոֆեսոր Խաչատուր Ներկարարյանին, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի՝ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանին:
ՀՀ վարչապետն այնուհետև շնորհակալագրեր հանձնեց ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հ․գ․դ․, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանին, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, կ.գ.թ., դոցենտ Աննա Կարապետյանին, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Վահրամ Պետրոսյանին, անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նվարդ Երնջակյանին, ֆոտոնիկայի և արհեստական բանականության գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար, ֆ.մ․գ.թ․ Մուշեղ Ռաֆայելյանին:
ԵՊՀ ԳԽ անդամների միաձայն որոշմամբ ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհվեց բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանին, որը հանդես եկավ շնորհավորական ելույթով։ Բանախոսն ուղերձ հղեց ԵՊՀ շրջանավարտներին։
«Ես ցանկանում եմ խոսել հաջողության մասին․ եթե ես գտել եմ հաջողությունը, դուք ևս, անշուշտ, կարող եք գտնել այն: Ես ձեզ հորդորում եմ լինել ձգտող: Հաջողությունն ինձ համար այն է, երբ դու անում ես քո սիրելի աշխատանքը և փորձում ես դա անել լավագույնս։ Ես հաճախ որդուս ասում եմ, որ ընտրի այնպիսի մասնագիտություն, որը նա սիրով կկիրառի աշխատանքում: Միայն այս մոտեցումը որդեգրելու դեպքում է հնարավոր հասնել հաջողության կամ հայտնիության, սակայն նույնիսկ եթե երբեք դրանք ձեռք չբերես, կարևորն այն է, որ բավարարված կլինես»,- իր խոսքում ասաց ականավոր գիտնական Ա․ Փաթափությանը:
Գիտական աստիճան ստացած շրջանավարտներին վկայագրեր հանձնեցին ՀՀ պաշտպանության նախարար, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և նշանավոր գիտնական Արտեմ Փաթափությանը:
Համերգային ծրագիրը մեկնարկեց համալսարանի ստեղծման և կայացման հիշարժան ու կարևոր պահերի մասին պատմող ֆիլմով։
Ներկաները լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում անմահացած համալսարանականների հիշատակը, որից հետո ցուցադրվեց հերոսներին նվիրված տեսանյութ։
Մշակութային համարներով հանդես եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր Հարություն Արզումանյանը, երգիչներ Գոռ Սուջյանը, Ռուսլան Էլյազյանը, օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը։
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, այլ նախարարներ և պետական այրեր, որոնց թվում՝ ՀՀ ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, ԵՊՀ ղեկավարությունը, Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, գիտական ու մշակութային համայնքների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, շրջանավարտներ, ուսանողներ և հրավիրյալ այլ անձինք:
Միջոցառումն իրականացվեց «ԱԿԲԱ բանկ»-ի, «Արդշինբանկ»-ի, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի, «Կիլիկիա», «Սինոփսիս», «ԻՆՔՈՐ» ընկերությունների, «Ձեռնարկությունների ինկուբատոր» և «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամների աջակցությամբ:
Մարինե Մկրտչյան