- Գլխավոր
- Նորություններ
- «ԿՅԱՆՔԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ ԲԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍԵՐՆ ԵՆ». ԱԼԻՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Նոյեմբեր 26, 2021 | 08:53
Հասարակություն
«ԿՅԱՆՔԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ ԲԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍԵՐՆ ԵՆ». ԱԼԻՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ԵՊՀ հաշվապահական հաշվառման վարչության աշխատավարձերի բաժնի ավագ հաշվապահ Ալինա Ստեփանյանն արդեն 33 տարի է, ինչ աշխատում է ԵՊՀ-ում: Տիկին Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շատ է սիրում իր գործն ու Մայր բուհն ընդհանրապես, սիրով է պատասխանում յուրաքանչյուր զանգին և ամենայն պատասխանատվությամբ վերաբերում ամեն մի հանձնարարությանը:
- Տիկի՛ն Ստեփանյան, ե՞րբ է սկսվել համալսարանական Ձեր գործունեությունը:
- 29 տարեկան էի, երբ աշխատանքի անցա Երևանի պետական համալսարանի հաշվապահության աշխատավարձերի բաժնում: Ընդհանրապես սիրում եմ մարդկանց հետ շփվել, ինչն ինձ համար ոգեշնչման մի առանձնահատուկ աղբյուր է: Սիրում եմ օգնել մարդկանց, երբ դիմում են ինձ, և անում եմ հնարավոր ամեն բան, որ որևէ մեկն այստեղից դժգոհ չհեռանա: Դա շատ կարևոր է ինձ համար:
- Ի՞նչ դերակատարություն ունի Մայր բուհը Ձեր և ընդհանրապես հասարակական կյանքում:
- 1988 թվականից այստեղ եմ: Պետք է ասել՝ շատ եմ սիրում համալսարանն ու իմ աշխատանքը: Յուրաքանչյուր օր հաճույքով գալիս եմ աշխատանքի, քանի որ ԵՊՀ-ն արդեն հարազատ տուն է դարձել ինձ համար: Իսկ համալսարանի դերն ու նշանակությունը հանրային կյանքում, կարծում եմ, շատ մեծ են, քանի որ այստեղ երիտասարդ սերունդը ոչ միայն կրթություն է ստանում, այլև որպես իսկական քաղաքացի է դաստիարակվում՝ յուրացնելով նաև մարդկային միջանձնային հարաբերություններում շատ կարևոր ունակություններ: Կարելի է ասել՝ Մայր բուհը նաև կյանքի դպրոց է:
- Բացի աշխատանքից՝ նախասիրություններ ունե՞ք:
- Տանը շատ ծաղիկներ ու տարբեր բույսեր ունեմ, որոնք հաճույքով խնամում եմ: Սիրում եմ նաև խոհանոցում լինել և համեղ ուտեստներ պատրաստել:
- Ո՞րն է դժվարությունները հաղթահարելու Ձեր բանաձևը կամ կարգախոսը, որով առաջնորդվում եք կյանքում:
- Կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարելու հարցում ինձ օգնում է իմ համբերությունը: Իսկ որպես կարգախոս և կյանքի շարժիչ ուժ են բարությունն ու, միանշանակ, սերը:
- Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ համալսարանականներին:
- Երիտասարդ համալսարանականներին խորհուրդ կտամ անձնվիրաբար նվիրվել մեր Մայր բուհին և աշխատել ի շահ վերջինիս: Յուրաքանչյուր համալսարանական պետք է նախևառաջ բարձր պահի ԵՊՀ-ի պատիվն ու անունը:
Վարդուհի Զաքարյան