- Գլխավոր
- Նորություններ
- ԻՐԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Դեկտեմբեր 06, 2021 | 14:36
Հասարակություն
ԻՐԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի է ունեցել «Նիմայական ընթերցումներ» խորագրով միջոցառում, որը նվիրված էր իրանական նորագույն պոեզիայի հիմնադիր Նիմա Յուշիջի գրական ժառանգությանը, ինչպես նաև իրանական նորագույն գրականության զարգացման խնդիրներին:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Գառնիկ Գևորգյանը, ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ:
Հարկ է նշել, որ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնում մեկնարկել է «Մեկ ամիս իրանական ժամանակակից գրականության հետ» գրական նախագիծը, որի շրջանակում կազմակերպվել և արդեն իսկ իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, շնորհանդեսներ և գրական քննարկումներ:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպված այս միջոցառումը ևս նվիրված էր Իրանի ժամանակակից գրականության և պոեզիայի նախակարապետին՝ Նիմա Յուշիջին, որն ավանդաբար համարվում է իրանական նոր պոեզիայի հիմնադիրը:
«Նախևառաջ ցանկանում եմ մատնանշել նմանատիպ միջոցառումների կարևորությունը հայ-իրանական մշակութային և գիտական կապերն ամրապնդելու գործում»,- ողջույնի խոսքում ասաց Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ հավելելով, որ երկու երկրների արդյունավետ համագործակցության և բարեկամական հարաբերությունների համատեքստում մշակութային գործոնն առանձնահատուկ դեր ունի:
«Հենց մշակութային բաղադրիչն է ձևավորում այն մթնոլորտը, որտեղ կարող են զարգանալ նաև քաղաքական և տնտեսական կապերը, հետևաբար այսօրվա միջոցառումն ավելին է, քան պարզապես բանաստեղծական երեկոն»,- նշեց Վարդան Ոսկանյանը:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար շնորհակալություն հայտնեց ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին՝ ի դեմս Գառնիկ Գևորգյանի, ինչպես նաև հանդիպման մասնակից ուսանողներին, ապա փաստեց, որ նմանատիպ միջոցառումների շնորհիվ երկու երկրները ծանոթանում են միմյանց մշակույթին և գրականությանը, ինչն էլ երկուստեք ստեղծված գիտական և գրական կապերն էլ ավելի ամրապնդելու հիմք է դառնում:
Այնուհետև ֆակուլտետի ուսանողները ելույթներով հանդես եկան՝ ներկայացնելով իրանական նորագույն պոեզիայի հիմնադիր Նիմա Յուշիջի կյանքը, գրական-գեղարվեստական գործունեությունն ու այն գրական նորույթները, որոնք նա իրանական գրականություն է բերել: