- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՆԱԽԱԳԾԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԻԿՐՈՋՐԻՄՈՒՌՆԵՐԻ ԿԵՆՍԱԶԱՆԳՎԱԾԻՑ «ԿԱՆԱՉ ՍԻՆԹԵԶԻ» ԵՂԱՆԱԿՈՎ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՆ ԱՐԾԱԹԻ ՆԱՆՈՄԱՍՆԻԿՆԵՐ
Հունվար 17, 2022 | 12:04
Հասարակություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՆԱԽԱԳԾԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԻԿՐՈՋՐԻՄՈՒՌՆԵՐԻ ԿԵՆՍԱԶԱՆԳՎԱԾԻՑ «ԿԱՆԱՉ ՍԻՆԹԵԶԻ» ԵՂԱՆԱԿՈՎ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՆ ԱՐԾԱԹԻ ՆԱՆՈՄԱՍՆԻԿՆԵՐ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել «Նոր մոտեցումներ միկրոջրիմուռների կենսազանգվածի ելքի խթանման ու հակամանրէային հատկություններով նանոմասնիկների կենսասինթեզի համար» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը։
Նշենք, որ գիտական թեման ֆինանսավորման է երաշխավորվել Գիտության կոմիտեի կողմից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում գիտական թեմաների հայտերի մրցույթի արդյունքում:
Գիտական թեմայի նպատակների մասին զրուցել ենք ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.թ., վերոնշյալ գիտական ծրագրի ղեկավար Լիլիթ Գաբրիելյանի հետ։
Նրա խոսքով, նախագծի ընթացքում Հայաստանում առաջին անգամ միկրոջրիմուռների կենսազանգվածից «կանաչ սինթեզի» եղանակով ստանալու են արծաթի նանոմասնիկներ, և ուսումնասիրվելու է դրանց հակամանրէային ակտիվությունը. «Կենսածին նանոմասնիկների կիրառման ներդրումը հեռանկարային է կենսատեխնոլոգիայում և այն ոլորտներում, որտեղ կարևոր է մանրէների աճի վերահսկումը»։
Ներկայումս միկրոջրիմուռները կիրառվում են կենսատեխնոլոգիայում որպես արժեքավոր մետաբոլիտների կայուն աղբյուր, և դրանց կենսազանգվածը կարող է ծառայել որպես հարմար հարթակ նանոմասնիկների կենսասինթեզի համար:
Ըստ ծրագրի ղեկավարի՝ նախագծի նպատակներն են միկրոջրիմուռների կենսազանգվածի ելքի խթանումը, միկրոջրիմուռների կենսազանգվածից արծաթի նանոմասնիկների ստացումը և դրանց հակամանրէային ակտիվության որոշումը. «Ստացված տվյալները կենսազանգվածի բարձր ելքով, կենսատեխնոլոգիապես արժեքավոր միկրոջրիմուռների աճեցման նոր մոտեցումների հիմք են հանդիսանալու: Նախագծի ընթացքում իրականացվելու են միկրոջրիմուռներից նանոմասնիկների կենսասինթեզ և ստացված նանոմասնիկների ֆիզիկաքիմիական վերլուծություն, հետազոտվելու է վերջիններիս ազդեցությունը գրամդրական ու գրամբացասական բակտերիաների վրա»։
Լ. Գաբրիելյանը վստահեցրեց, որ ստացված արդյունքները կարևոր են միկրոջրիմուռների կենսատեխնոլոգիայի զարգացման համար, բացի դրանից՝ միկրոջրիմուռներով միջնորդավորված նանոմասնիկների սինթեզը կարող է դառնալ Հայաստանում նանոտեխնոլոգիայի նոր ուղղություն:
Նրա խոսքով, վերջին տարիներին մանրէային վարակների աճը և մանրէներում կայունության զարգացումը 21-րդ դարի կենսաբժշկության կարևորագույն խնդիրներից են, ուստի հակամանրէային նոր միջոցների հայտնաբերման անհրաժեշտություն են առաջացնում։ Նանոմասնիկները դիտարկվում են որպես լավագույն այլընտրանքային միջոց, քանի որ կարող են հաղթահարել հակաբիոտիկների նկատմամբ մանրէների կայունությունը: Ներկայումս դրանք օգտագործվում են իմպլանտների և բժշկական նյութերի հակաբակտերիական ծածկույթներում, որոնք կանխում են վարակը և խթանում վերքերի բուժումը, կիրառվում են հակաբիոտիկների տեղափոխման և մանրէային վարակների ախտորոշման համակարգերում, ինչպես նաև հակամանրէային պատվաստանյութերում:
Ըստ ԵՊՀ դոցենտի՝ նանոմասնիկների «կանաչ սինթեզը» շահավետ է քիմիական սինթեզի համեմատ թե՛ տնտեսապես, թե՛ էկոլոգիական անվտանգության առումով:
Նշված եղանակով հնարավոր է ստանալ տարբեր չափսերի և ձևի կայուն նանոմասնիկներ, որոնք կարող են դրսևորել հակամանրէային ակտիվություն և հաջողությամբ կիրառվել կենսաբժշկության տարբեր ոլորտներում:
Ծրագրի ղեկավարի խոսքով, միկրոջրիմուռները նանոմասնիկների սինթեզման առավել հարմար հարթակ են աճման բարձր արագության և տնտեսապես շահավետ կենսազանգվածի արտադրության շնորհիվ. «Գիտական ծրագրի ընթացքում համալիր մոտեցումների միջոցով ընտրվելու են միկրոջրիմուռների կենսազանգվածի բարձր ելք ապահովող օպտիմալ պայմանները: Միկրոջրիմուռների կենսազանգվածից ստացվելու են արծաթի նանոմասնիկներ, որոնց որոշ ֆիզիկաքիմիական հատկությունների վերլուծությունն իրականացվելու է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնում»։
Ծրագրում ընդգրկված են 3 ավագ մասնագետ և 2 երիտասարդ գիտաշխատող:
ԵՊՀ դոցենտը հայտնեց, որ ստացված արդյունքներն օգտագործվելու են Երևանի պետական համալսարանի ուսումնական գործընթացում՝ մագիստրոսական ծրագրերի, օրինակ՝ «Մանրէների կենսատեխնոլոգիա» դասընթացի դասավանդման ընթացքում:
Նադեժդա Տեր-Աբրահամյան