- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ DAAD-Ի ԵՎ ՀՈՒՄԲՈԼՏԻ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐՈՎ» ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Դեկտեմբեր 11, 2019 | 17:49
«ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ DAAD-Ի ԵՎ ՀՈՒՄԲՈԼՏԻ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐՈՎ» ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Հետազոտությունը Գերմանիայում DAAD-ի և Հումբոլտի կրթաթոշակներով» թեմայով հանդիպում-քննարկում:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին, ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, հյուրեր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից, ծրագրի մասնակիցներ, ուսանողներ:
Հանդիպում-քննարկմանը հյուրերին ողջունեց DAAD-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մերի Նավասարդյանը:
Վերջինս կարևորեց այն, որ հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվելու DAAD-ի և Հումբոլտի գիտահետազոտական ծրագրերի շուրջ, և մասնակիցները ներկայացնելու են սեփական փորձը:
«Հատկանշական է, որ այսօր մենք այս միջոցառումն անցկացնում ենք ԵՊՀ-ի հետ համատեղ, քանի որ այն գիտական մեծ ներուժ ունեցող բուհ է, որտեղից ծնվել են անվանի գիտնականներ»,- նշեց Մերի Նավասարդյանը:
Այնուհետև ներկաներին ողջունեց նաև ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին:
«Այս համագործակցությունը շատ լավ օրինակ է, թե ինչպես է փորձ արվում Հայաստանում խթանել կրթամշակութային և գիտահետազոտական համագործակցությունները Գերմանիայի հետ»,- փաստեց դեսպանը:
Այն հարցին, թե ինչու պետք է օտարերկրացին որոշի իր գիտական աշխատանքը ծավալել Գերմանիայում, դեսպանը պատասխանեց, որ առաջին հերթին Գերմանիան երիտասարդ գիտնականների աճով աշխարհում առաջատարներից է, բացի դրանից՝ Գերմանիայում գիտահետազոտական հնարավորություններ կան ոչ միայն բուհերում, այլև գիտահետազոտական ենթակառուցվածքներում, ինստիտուտներում:
«Մենք քաջալերում ենք բուհ ավարտողներին և երիտասարդ գիտնականներին՝ շարունակելու իրենց գիտական ուղին Գերմանիայում,- շեշտեց պարոն դեսպանը,- պետք է նշեմ, որ ինձ շատ դուր է գալիս նաև այսօրվա հանդիպման ձևաչափը, ինչը թույլ կտա միջոցառումից հեռանալ գործնական տեղեկատվությամբ»:
Այնուհետև ելույթ ունեցավ նաև ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը:
Ռաֆայել Բարխուդարյանը, ողջունելով ներկաներին, առանձնահատուկ կարևորեց Գերմանիայի դերը գիտության և կրթության զարգացման գործում. «ԵՊՀ-ն առանձնահատուկ կարևորում է համագործակցությունները գերմանական բուհերի հետ, որոնք առաջին հերթին փորձի փոխանակման հիանալի հնարավորություն են»:
Մեզ հետ զրույցում Մերի Նավասարդյանը նշեց, որ նմանօրինակ միջոցառումների նպատակն է աջակցել երիտասարդ հետազոտողներին և գիտնականներին՝ DAAD-ի և Հումբոլտի կողմից առաջարկվող գիտահետազոտական ծրագրերի միջոցով իրենց գիտահետազոտական աշխատանքների մի մասն իրականացնել Գերմանիայի տարբեր բուհերում և գիտահետազոտական կազմակերպություններում կամ պարզապես արդյունաբերական ընկերություններում:
«Այսօրվա միջոցառմամբ մենք ցանկանում ենք բոլոր բնագավառների երիտասարդ և փորձառու գիտնականներին իրազեկել, թե ինչպիսի հնարավորություններ են տալիս այսօրինակ ծրագրերը, ինչպիսի նախապատրաստական քայլեր են պետք այդ ծրագրերն իրագործելու համար»,- ասաց Մ. Նավասարդյանը:
Այնուհետև կրթաթոշակակիրները ներկայացրին կրթաթոշակի շրջանակում ձեռքբերած փորձը, այն գիտական ծրագրերը, որոնց շնորհիվ ունեցել են գիտական նվաճումներ:
Մեզ հետ զրույցում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս, Հումբոլտի կրթաթոշակակիր Ելենա Էթարյանը նշեց, որ ծրագրի շրջանակում Գերմանիայում գրել է իր մենագրությունը, որի իրականացման համար ստեղծված էին բոլոր անհրաժեշտ պայմանները:
Կրթաթոշակակիրներից Դավիթ Պետրոսյանի համար կարևոր էին այն կապերը, որոնք նա Գերմանիայում ձեռք է բերել ծրագիրն իրագործելիս: