- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ՆԵՐԿԱՆ ԵՆ». ԵՐԵԽԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
Նոյեմբեր 20, 2019 | 15:38
«ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ՆԵՐԿԱՆ ԵՆ». ԵՐԵԽԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Այլընտրանքային ծառայությունների, համագործակցության և սոցիալական բաղադրիչները ՀՀ-ում՝ երեխաների իրավունքների պաշտպանության քաղաքականության համատեքստում» թեմայով հանդիպում-քննարկում:
Քննարկումը նվիրված էր Երեխայի միջազգային օրվան և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակին:
Քննարկմանը մասնակցում էին Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Աիդա Մուրադյանը, «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի ղեկավար Գայանե Մարտիրոսյանը, հաշմանդամ երեխաների իրավունքների փորձագետ Լուսինե Սաղումյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի գլխավոր մասնագետ Լուիզա Ղարիբյանը:
Հանդիպումը վարում էր Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի շրջանավարտ, երեխաների պաշտպանության ծրագրի համակարգող և հետազոտող Մարիամ Մուրադյանը:
Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին քննարկմանը մասնակցելու համար՝ նշելով, որ միջոցառմանը հրավիրված են Հայաստանում այս ոլորտի լավագույն մասնագետները, որոնք անդրադառնալու են այս պահին ոլորտում առկա ամենակարևոր խնդիրներին և մարտահրավերներին:
«Այսօրվա հանդիպման ընթացքում կփորձենք պարզաբանել, թե ինչպիսի խնդիրներ կան Հայաստանի երեխաների պաշտպանության ոլորտում առհասարակ, մասնավորապես՝ երեխաների այլընտրանքային ծառայություններում,- ասաց Մարիամ Մուրադյանը,- կխոսենք նաև պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության հեռանկարների, ինչպես նաև առկա պետական և քաղաքացիական հասարակության կողմից նախատեսված ծրագրերի մասին»:
Այնուհետև ելույթով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի գլխավոր մասնագետ Լուիզա Ղարիբյանը:
Վերջինս, ողջունելով հյուրերին և ԵՊՀ-ում նմանօրինակ հանդիպման անցկացման գաղափարը, ներկայացրեց ՀՀ-ում երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների գործում վերջին երեք տարիների ընթացքում պետության կողմից իրականացված բարեփոխությունների արդյունքում գրանցած հաջողությունները:
«Պետք է նշեմ, որ վերջին երեք տարիներին իրականացվող բարեփոխումների առաջին քայլն օրենսդրության փոփոխությունն էր,- ասաց բանախոսը,- 2017 թվականին փորձեցինք օրենսդրությունը համապատասխանեցնել երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի հիմնական դրույթներին, որի արդյունքում իրագործվեցին դրանից բխող մի շարք միջոցառումներ, ինչպիսիք են, օրինակ, ՀՀ ընտանեկան օրենսգրքի և որդեգրման գործընթացի փոփոխությունները»:
Նա նշեց նաև, որ այս գործընթացը շարունակական է, և իրենք պարբերաբար անդրադառնում են օրենսգրքի բարեփոխումներին:
Լուիզա Ղարիբյանն անդրադարձավ նաև երեխաների պաշտպանության ոլորտում սոցիալական պատվիրակման մեխանիզմերին:
Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Աիդա Մուրադյանը նախ ներկայացրեց Երեխայի միջազգային օրվա պատմությունը, այնուհետև խոսեց ՀՀ-ում երեխաների պաշտպանության առկա մեխանիզմներում նախատեսված փոփոխություններից:
Վերջինս կարևորեց ՀՀ-ում սոցիալական աշխատողների ինստիտուտի կայացման գործընթացը:
«Համայնքային մակարդակում սոցիալական աշխատող ունենալու նպատակն է, որ մատուցվող ծառայությունը հասու լինի բնակչին,- պարզաբանեց բանախոսը,- այդ դեպքում սոցիալական աշխատողը հնարավորություն է ունենում խնդիրը հայտնաբերելու վաղ շրջանում և համապատասխանաբար արձագանքելու»:
Բանախոսը ներկայացրեց նաև, թե ինչպես են համագործակցում պետությունն ու քաղաքացիական հասարակությունն այս թեմայի շուրջ:
Բանախոսներից Գայանե Մարտիրոսյանը խոսեց «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի և այն արդյունքների մասին, որ ծրագիրը հասցրել է արձանագրել այս ընթացքում:
Վերջինս անդրադարձավ ՀՀ-ում երեխաների այլընտրանքային խնամքի ծառայությունների մատուցման գործընթացում բերած փոփոխություններին:
Հաշմանդամ երեխաների իրավունքների փորձագետ Լուսինե Սաղումյանն էլ մանրամասնեց, թե որքանով են ներկայացված հաշմանդամ երեխաների կարիքները ՀՀ-ում այլընտրանքային ծառայությունների մատուցման գործընթացում:
Քննարկման վերջում ներկաները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղելու փորձագետներին: