Ծրագրի մասին
Երևանի պետական համալսարանի Շարունակական կրթության կենտրոնը (ՇԿԿ) Եվրոպայի Միության ֆինանսական աջակցությամբ և բրիտանական Քընսիլիեյշըն Ռեսորսիս (Conciliation Resources) կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացնում է ծրագիր, որի նպատակը հաղորդակցական, բանակցային և կոնֆլիկտների կառավարման ու կանխարգելման կարողությունների զարգացումն է։
Ծրագրի շրջանակներում ՇԿԿ-ն մտադիր է մշակել և ԵՊՀ-ում ներդնել «Հաշտարարության և կոնֆլիկտների լուծման» հավաստագիր տրամադրող կրթական ծրագիր, որը բաղկացած է լինելու հեևյալ բաղադրիչներից.
- Կոնֆլիկտների վերլուծություն և լուծում
- Վեճերի այլընտրանքային լուծում (Հաշտարարություն/Մեդիացիա)
- Հետազոտական մեթոդներ կոնֆլիկտների հետազոտության համար
Ծրագրի մշակման և իրականացման նպատակով ՇԿԿ-ն հայտարարում է բաց մրցույթ բոլոր հետաքրքրված մասնագետների համար՝ կրթական ծրագիրը մշակող միջգիտակարգային թիմ ձևավորելու նպատակով։
Մրցույթի պայմանները
Աշխատանքի շրջանակ
Ծրագրի շրջանակներում նախատեսվում են հետևյալ աշխատանքները և/կամ արդյունքները.
- Ուսումնասիրել գոյություն ունեցող համալսարանական մակարդակի համանման ծրագրերը/կուրսերը, ինչպես նաև տեղական համատեքստում իրականացված հետազոտություններն ու ուսումնասիրությունները՝ մասնավորապես ծանոթանալով նման ծրագրերում ներառված տեսություններին և կոնկրետ իրավիճակների ուսումնասիրություններին, օգտագործվող գրականությանը՝ առանձնացնելու/սահմանելու համար առանցքային բովանդակությունը, որը պետք է ներառվի ԵՊՀ-ի ծրագրում։
- Ուսումնասիրության արդյունքների հիման վրա մշակել «Հաշտարարության և կոնֆլիկտների լուծման» հավաստագիր տրամադրող կրթական ծրագիր՝ մագիստրատուրայի ուսանողների, կամ արդեն որոշակի աշխատանքային փորձ ունեցող մասնագետների համար, որոնք ցանկանում են ավելի լավ հասկանալ կոնֆլիկտների վերլուծության և լուծման հայեցակարգերն ու մոտեցումները, ինչպես նաև ձեռք բերել հմտություններ՝ իրենց աշխատանքում դրանց պրակտիկ կիրառության համար։
- Արդյունավետ կերպով հարմարեցնել և ինտեգրել վեճերի այլընտրանքային լուծման, կոնֆլիկտների վերլուծության և լուծման, ինչպես նաև կոնֆլիկտներին առնչվող հետազոտություններում կիրառվող մեթոդների վերաբերյալ գոյություն ունեցող գիտելիքը հայաստանյան կրթական համակարգում։
- Մշակել և աշխատանքային խմբի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնել Կրթական ծրագրում ներառված կուրսերից առնվազն մեկը, մասնակցել ձևավորված միջգիտակարգային խմբի աշխատանքային հանդիպումներին, ծանոթանալ խմբի մյուս անդամների մշակած ծրագրերին և ներկայացնել դրանց վերաբերյալ դիտարկումներ։
Ո՞վ կարող է դիմել
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես ԵՊՀ-ում, այնպես էլ հայաստանյան այլ գիտական և կրթական հաստատություններում աշխատող անհատ դասախոսներ/ասպիրատներ և հետազտողներ, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին.
Կրթություն (առնվազն մագիստրոսի կոչում, գերադասելի է՝ գիտական աստիճան) կոնֆլիկտների լուծման, սոցիոլոգիայի, մարդաբանության, քաղաքագիտության, փիլիսոփայության, հոգեբանության, իրավաբանության կամ այլ համապատասխան բանգավառում։
Առնվազն երեք (3) տարվա դասավանդման փորձ։
Առնվազն հինգ (5) տարվա հետազոտական աշխատանքի փորձ՝ համապատասխան թեմաների շուրջ։
Առաջարկվող թեմային առնչվող իրականացված հետազոտությունների և հրապարակած հոդվածների ցանկ։
Անգլերենի գերազանց իմացություն։
ժամանակացույց
Ապրիլ 28, 2024, 18։00 | Դիմելու վերջնաժամկետ |
Մայիս 7, 2024 | Թեկնածուների վերջնական ընտրություն, աշխատանքային թիմի ձևավորում |
Մայիս-հուլիս 2024 | «Մեդիացիայի և կոնֆլիկտների լուծման» հավաստագիր տրամադրող կրթական ծրագրի մշակման աշխատանքներ |
Հայտերի ներկայացում
Բոլոր հետաքրքրվողները կարող են մասնակցել մրցույթին՝ մինչև սույն թվականի ապրիլի 28-ը՝ ժամը 18։00 ссe@ysu.am էլեկտրոնային հասցեին ուղարկելով համառոտ ինքնակենսագրություն (CV) և մոտիվացիոն նամակ։ Ավելի ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Շարունակական կրթության կենտրոնի հետ cce@ysu.am, 060 71 02 12։