- Գլխավոր
- Նորություններ
- Գիտահետազոտական նոր նախագծեր ԵՊՀ-ում
Հունվար 16, 2024 | 16:10
Գիտություն
Գործընկերներ
Հետազոտություն
Գիտահետազոտական նոր նախագծեր ԵՊՀ-ում
Ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունը գիտահետազոտական աշխատանքներում Երևանի պետական համալսարանի առաջնահերթ նպատակներից է: Այդ նպատակն իրագործելու համար համալսարանում պարբերաբար կատարվում են լսարանների և լաբորատորիաների վերանորոգման ու նորագույն սարքավորումներով համալրման աշխատանքներ:
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մասնաշենքի մի հատվածը վերանորոգվել ու կահավորվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ-ի և «Ակբա բանկ» ԲԲԸ-ի հետ ԵՊՀ կնքած պայմանագրերի շրջանակում։
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում վերանորոգման աշխատանքներն սկսվել են 2023 թ․ սկզբին և ավարտվել նույն տարվա հուլիսին: Ընդհանուր առմամբ, վերանորոգվել և կահավորվել են 6 աշխատասենյակ և 5 լսարան։
Ակբա բանկի և ԵՊՀ-ի համագործակցության շրջանակում կգործի համատեղ օգտագործման լսարան, որտեղ կանցկացվեն ընկերության զարգացմանն ուղղված դասընթացներ։
ԵՊՀ-ի և «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակում կատարվել են ինչպես վերանորոգման և կահավորման աշխատանքներ, այնպես էլ գիտական հետազոտություններ՝ ընկերության ներկայացրած 3 տարբեր նախագծերի շուրջ։ Ձևավորված գիտահետազոտական երեք խմբերի համար ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից ընտրվել է ղեկավար կազմ։
Գիտահետազոտական խմբերի ղեկավար կազմի անդամ, Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնի դոցենտ Միքայել Պողոսյանը, խոսելով համագործակցության ուղիներից, նշեց, որ նախագծերի շուրջ տարվող աշխատանքների շրջանակում կատարվել են մաթեմատիկական հետազոտություններ, ներկայացվել դիֆերենցիալ հավասարումների խնդիրների լուծման թվային մեթոդներ, մշակվել ընկերության հսկայական տվյալներ և առաջարկվել խելամիտ լուծումներ։
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, կարևորելով ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի հետ գործակցության շարունակականությունը, ընդգծեցին, որ սա ԵՊՀ-ի հետ հերթական հաջող համագործակցությունն է:
Խոսելով ԵՊՀ-ի հետազոտողների ղեկավարությամբ կատարված աշխատանքի մասին՝ ընկերության ներկայացուցիչները նշեցին. «Մեր կազմակերպությունում կար հստակ խնդիր` գտնել վստահելի գործընկեր մաթեմատիկական հետազոտություններ կատարելու նպատակով: Հաշվի առնելով, որ հենց համալսարանում են ոլորտի լավագույն մասնագետները՝ որոշեցինք համագործակցել ԵՊՀ-ի հետ: Հետազոտական խնդիրները սահմանված էին հստակ և ծրագրի նպատակներին համահունչ։ Տվյալների հավաքագրումը, վերլուծությունն ու մեկնաբանությունը կատարվել են արդյունավետ, ինչի շնորհիվ սահմանված խնդիրը ստացել է համակարգային լուծում»։
ԵՊՀ-ի և ընկերության գիտահետազոտական համագործակցությունը մեկնարկել է 2023 թ․ նոյեմբերին և շարունակվում է առ այսօր։ Ընկերության ներկայացուցիչները փաստում են, որ համագործակցությունը ոչ միայն հնարավորություն է ստեղծում կազմակերպության ներկայիս խնդիրները լուծելու համար, այլև շատ լուրջ ներդրում է երկրում փորձառու կադրեր պատրաստելու և գիտության այս ճյուղին զարգացման նոր թափ հաղորդելու գործում։
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը, կարևորելով մաթեմատիկայի դերը գիտության մեջ, ընդգծեց․ «Ցանկացած բնագավառում ի հայտ է գալիս մաթեմատիկան և ունենում է լայն կիրառում՝ սկսած տնտեսագիտության, բժշկության ոլորտներից մինչև հումանիտար գիտություններ: Սերտ կապ կա նաև ՏՏ ոլորտի, ինչպես նաև վերջին տարիներին մեծ զարգացում ապրող տվյալագիտության, մեքենայական ուսուցման, արհեստական բանականության ոլորտների միջև։ Այս իմաստով՝ մաթեմատիկան համարվում է գիտությունների թագուհի։ Հետևաբար, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ, վերջին տարիներին սկսել են առավել մեծ ուշադրություն դարձնել բնագիտական ուղղությունների, մասնավորապես՝ մաթեմատիկայի զարգացմանը»։
Արթուր Սահակյանն այս համատեքստում մեջբերեց անվանի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի խոսքերը՝ «Կրթությունն այն է, ինչ մնում է, երբ մոռացվում է դպրոցում սովորածը»: Նա հավելեց՝ մաթեմատիկական կրթությունը կարևոր է ոչ այնքան իր տված գիտելիքներով, որքան ստացած տեսական գիտելիքները վերլուծելու, ռադիկալ մտածելու, ալգորիթմներ կազմելու ունակությունները զարգացնելու տեսանկյունից, ինչը հնարավոր է ստանալ միայն հիմնավոր մաթեմատիկական կրթությամբ։