- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում հյուրընկալվել էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն
Հունիս 21, 2024 | 15:41
Գիտություն
Կրթություն
ԵՊՀ-ում հյուրընկալվել էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն Երևանի պետական համալսարան կատարած այցի շրջանակում հանդիպեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, այնուհետև՝ «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտների և ուսանողների հետ։
ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոյի և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հանդիպման շրջանակում քննարկվեցին երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, արդեն իսկ իրագործվող ծրագրերի ընթացքն ու նոր նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը։
Այնուհետև ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում Ջոն Ալելոն հանդիպում ունեցավ «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտների և ուսանողների հետ՝ ներկայացնելով և քննարկելով մասնագիտության արդի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները, հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների արդի փուլը և այլ հարցեր: Խոսելով Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից իրականացվող ծրագրերի մասին՝ նա նշեց. «ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանում է ավելի քան 30 տարի: Անցած տարիներին ԱՄՆ կառավարությունը ներդրել է մոտ 1,3 միլիարդ դոլար՝ Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու համար: Ներկայում գործում է տարբեր ոլորտներ ընդգրկող 33 ծրագիր։ Մենք ներգրավված ենք գրեթե բոլոր բնագավառներում և համագործակցում ենք մի շարք գործընկերների ու կառույցների հետ՝ համախմբելով մեր ջանքերը և ընդլայնելով աշխատանքների շրջանակը»,- ընդգծեց Ջոն Ալելոն:
Քննարկման ավարտին Ջոն Ալելոն լսեց ապագա ամերիկագետների կարծիքներն ու մոտեցումները՝ տալով համընդգրկուն պատասխաններ նրանց հետաքրքրող հարցերին։
Նշենք, որ «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան (ԱՄՆ պետքարտուղարության) կողմից ֆինանսավորվող «Ամերիկյան հետազոտություններ» ծրագրի շրջանակում՝ 2020 թ. ԵՊՀ-ում հիմնված Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի կողմից։
Ծրագրի նպատակն է պատրաստել այնպիսի մասնագետներ, որոնք կկարողանան ձեռք բերված գիտելիքներն ու կարողությունները գործնականում կիրառել ԱՄՆ-ի հետ կապված տարբեր ոլորտներում՝ ամերիկյան քաղաքականություն և տնտեսություն, մեդիադաշտ և հանրային կարծիք, ԱՄՆ կառավարական համակարգ և հանրային քաղաքականություն, մշակույթ, աշխարհագրություն և այլն: