- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Դեկտեմբեր 30, 2022 | 22:58
Կրթություն
Հասարակություն
Մշակույթ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, մատնանշելով տարվա ընթացքում ձեռք բերված կարևորագույն համագործակցություններն ու իրագործած ծրագրերը, ընդգծում է, որ կենտրոնը ԵՊՀ շրջանավարտների և ուսանողների համար ողջ տարվա ընթացքում ստեղծել է աշխատանքի լայն հնարավորություններ, կյանքի է կոչել նրանց մասնագիտական աճին և անձնային հատկանիշների կատարելագործմանը միտված նախագծեր ու դասընթացներ։
«Նախորդ տարի մեկնարկած երկու մեծ նախագիծ ենք իրագործել այս ուստարում։ Դրանցից մեկը «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագիրն էր, որն ունեցել է 40 մասնակից։ Այն հիմնականում նախատեսված էր Սփյուռքի երիտասարդների համար, սակայն նրանց ներգրավման գործընթացն առավել սահուն ապահովելու նպատակով ծրագրում ընդգրկված էին նաև հայաստանցի երիտասարդներ, ինչի շնորհիվ մասնակիցներից 37-ը ստացել են պրակտիկայի և աշխատանքի հնարավորություն։ Այս ծրագիրը Հայկական սփյուռքի համայնքների միջև սերտ կապի ապահովման և հաղորդակցական խոչընդոտների հաղթահարման լավագույն և արդյունավետ մեթոդներից էր։
Հաջորդը «Երիտասարդական ներառման խթանում զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրն է, որը նախատեսված էր Արցախից, հիմնականում Քաշաթաղից պատերազմի հետևանքով տեղահանված 30 ուսանողի համար։ Ծրագրի շրջանակում 30 ուսանողներից գրեթե բոլորին ընձեռվել է աշխատանքի և պրակտիկայի հնարավորություն տարբեր կազմակերպություններում»,- մանրամասնում է Կ․ Նազարյանը։
Կենտրոնը կազմակերպում է նաև մասնագիտական տարաբնույթ ու բազմաբովանդակ վերապատրաստումներ, աջակցում ուսանողներին և շրջանավարտներին ինքնակենսագրական կազմելու գործում։
Ամփոփելով խոսքը՝ կենտրոնի փոխտնօրենն առանձնակի կարևորում է Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ իրագործած նախագիծը և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Ուսուցիչ-առաջնորդ» ծրագիրը։
Համալսարանն ուսանողներին ոչ միայն աջակցում է վերոնշյալ հարցերում, այլև ստեղծում է պայմաններ՝ ի ցույց դնելու նրանց կարողությունները մշակույթի բնագավառում։ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը լավագույն վայրն է, որտեղ ԵՊՀ ուսանողներն ու շրջանավարտները հնարավորություն են ստանում մասնակցելու համալսարանական և արտահամալսարանական միջոցառումների։ Կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, մատնանշելով համալսարանականների հետաքրքրվածությունը կենտրոնի նկատմամբ, ընդգծում է, որ այս տարի ավելի քան 450 նոր ուսանող է անդամագրվել կենտրոնի խմբակներին։
«Տարին հագեցած էր բազմաբնույթ միջոցառումներով, առանձնահատուկ էր նրանով, որ աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ընդունելով ԵՊՀ հրավերը, մասնակցեց կազմակերպված միջոցառմանը։ Իր ելույթում մաեստրոն նշեց, որ ԵՊՀ-ն հայագիտական հումանիտար կենտրոն է, որը գիտության նվաճումներին ու ձեռքբերումներին իմաստ և հողեղեն մարմին է տալիս։ Բացի դրանից՝ նշանակալի մի շարք միջոցառումների մշակութային մասն ապահովել են հենց կենտրոնի սաները, օրինակ՝ Կենսաբանության միջազգային օլիմպիադայի բացման և փակման հանդիսավոր արարողությունների և ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ։ Նրանցից ոմանք մասնակցել են միջազգային հեղինակավոր մրցույթների և վերադարձել Գրան պրի մրցանակներով»,- պատմում է Կ․ Դավթյանը։
Ամփոփելով խոսքը՝ կենտրոնի տնօրենը մատնանշում է․ «Տարին ի վերջո նշանավորվել է նաև նրանով, որ մեր կենտրոնն անվանակոչվել է մեծանուն շանսոնիե Շառլ Ազնավուրի անունով»։
Անի Սուքիասյան