- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ «PETRI SOFIA» ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ
Մայիս 16, 2018 | 14:59
Ուսանողական
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ «PETRI SOFIA» ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Մարիա Պետրոսյանը մասնակցել է «PETRI Sofia»-ի կողմից կազմակերպված ամենամյա միջազգային դպրոցին, որն անցկացվել է ապրիլի 18-24-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Մարիան մեզ հետ զրույցում պատմեց իր տպավորությունների և ձեռքբերումների մասին:
Երկար տարիների պատմություն ունեցող միջազգային դպրոցին, որի թեման այս տարի «Ծրագրերի կառավարում և բյուջեի հավաքագրում»-ն էր, մասնակցել են ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր երկրից մրցութային կարգով ընտրվել է երկու մասնակից: Հայաստանը ներկայացնող մասնակիցներից մեկը եղել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Մարիա Պետրոսյանը:
Ամենամյա միջազգային դպրոցը կազմակերպվել է «Y-PEER» միջազգային երիտասարդական ցանցի կողմից, որը գործում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) աջակցությամբ և ֆինանսավորմամբ: Այս տարի դպրոցի կազմակերպմանը նաև աջակցել են Բուլղարիայի ԱԳՆ-ն և «Բուլղարիայի զարգացման հիմնադրամը»:
«Դպրոցի նպատակն է երիտասարդներին հնարավորություն տալ ներկայացնել համաշխարհային կարևորության խնդիրները և գտնել առկա հիմնախնդիրների վերաբերյալ լուծումները: Այս դպրոցը երիտասարդներին համաշխարհային կառավարման մի մասնիկը լինելու հնարավորություն է տալիս: Այն նպատակ ունի նպաստել ՄԱԿ-ի կայուն զարգացման 17 նպատակների իրագործմանը, որը պետք է իրականացվի մինչև 2030 թվականը»,- պատմում է Մարիան:
Նա նաև նշեց, որ «Y-PEER» միջազգային երիտասարդական ցանցը գործում է շուրջ 52 երկրներում, և յուրաքանչյուր տարի այդ երկրների երիտասարդներին «PETRI Sofia»-ն հրավիրում է քննարկելու երիտասարդությանը հուզող խնդիրները:
«Այս ամենամյա միջազգային դպրոցը հիանալի հարթակ էր, որտեղ հանդիպեցին 52 երկրների ակտիվ երիտասարդները և միմյանց հետ քննարկեցին երիտասարդությանը վերաբերող կարևորագույն խնդիրները: Դպրոցի շրջանակում տեղի ունեցավ նաև միջազգային փորձի փոխանակում, որն էլ հետագայում ինձ կօգնի Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում ավելի վստահ և անկաշկանդ ներկայացնելու համար: Դպրոցի շրջանակում մասնակից երկրների երիտասարդները ներկայացրին նաև իրենց մշակույթը և ազգային խոհանոցը»,- ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհին:
Մարիայի խոսքով, միջազգային դպրոցի շրջանակում բազմաթիվ հանդիպումներ են ունեցել մի շարք միջազգային կազմակերպությունների երիտասարդ թևի ներկայացուցիչների հետ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով մշտական խորհրդականի հետ, ինչպես նաև Բուլղարիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ:
«PETRI Sofia»-ի կողմից կազմակերպված ամենամյա միջազգային դպրոցի ավարտից հետ բոլոր մասնակիցները ստացել են ծրագրի մասնակցության հավաստագրեր:
«Ամենամյա միջազգային դպրոցում դրսևորած ակտիվության համար դարձել եմ Հայաստանում «Y-PEER» միջազգային երիտասարդական ցանցի 3 որակավորված թրեյներներից մեկը»,- պատմում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհին:
«Y-PEER Հայաստան» երիտասարդական ցանցը մեկնարկել է իր գործունեությունը 2014 թ.-ին, որը բաց է ակտիվ երիտասարդների համար: «Ես՝ որպես թրեյներ, ամենամյա միջազգային դպրոցում ձեռք բերված գիտելիքների և փորձի շնորհիվ «Y-PEER» միջազգային երիտասարդական ցանցի Հայաստանի երիտասարդ անդամներին սովորեցնելու եմ, թե ինչպես նախագծել և իրականացնել հաջողված նախագծեր, ինչպես հավաքագրել անհրաժեշտ բյուջեն և հաղթել դրամաշնորհների մրցույթներում: Այս ամառ «Y-PEER» միջազգային երիտասարդական ցանցի անդամներով տարբեր համայնքներում, հատկապես սահմանամերձ շրջաններում կազմակերպելու ենք մի շարք դասախոսություններ, որոնց ընթացքում իրազեկելու ենք ՄԱԿ-ի կայուն զարգացման 17 նպատակների մասին»,-ասաց նա:
Նադեժդա Տեր-Աբրահամյան